Ինձ 15 րոպե ժամանակ տվեցին, որ դիմում գրեմ ու դուրս գամ. Արագածոտնի մարզպետը` մարզպետարանի առողջապահության բաժնի պետին

Aragacotn

  Իշխանությունները, հղփացած ընտրությունների արդյունքներով, հաջորդ օրվանից արդեն բացահայտ քաղաքական վենդետաներ են սկսել իրենց հակառակորդների նկատմամբ։ Պետական կառավարման տարբեր օղակներում աշխատող այն անձանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն կամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ են, հերթով հրավիրում ու սպառնալիքների ներքո ստիպում են դիմում գրել և հեռանալ։ Այս մասին գրում է Հրապարակը:

Նման մի դեպք տեղի է ունեցել երեկ Արագածոտնի մարզպետ, քայլած ՔՊ-ական Դավիթ Գևորգյանի կողմից։ Նա սկզբում աշխատակազմի գլխավոր քարտուղարի միջոցով, ապա անձամբ հրավիրել է իր մոտ մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանին և պահանջել դիմում գրել և հեռանալ։

«Երեկ մարզպետի կողմից գլխավոր քարտուղարի միջոցով բանավոր զգուշացում է եղել, որ պարտադիր ես պետք է դուրս գամ աշխատանքից։ Այսօր էլ մարզպետն ինքն է կանչել իր կաբինետ, փոխմարզպետի հետ նստած, ես մտել եմ, ինձ ասել է՝ Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք։

Ասացի՝ ես դիմում չեմ գրելու։ Ինձ ասում էր՝ Դուք ստոր եք, Դուք լկտի եք, Դուք ստախոս եք, Դուք մեկուկես տարի ա՝ նստած եք էստեղ թոշակառուի կարգավիճակով և այլն, և այլն, ասացի՝  չգոռաք ինձ վրա, ինքն էլ՝ ինձ հետ զուգահեռ մի խոսեք, իրավապահ մարմիններին եք պատասխան տալու Ձեր ասածների համար և այլն, բայց չեմ իմանում՝ ինչ եմ արել, որ պիտի իրավապահներին պատասխան տամ։ Ասացի՝ լավ, բարի, դուրս գալուց դուռը մի փոքր ուժեղ փակեցի, շրխկաց, մարզպետը հետևիցս դուրս եկավ, ձայնը բարձրացրեց՝ երկրորդ անգամ դուռը էս ձևով չշրխկացնեք, թե չէ կմնաք էստեղ՝ չեք կարող դուրս գալ»,-պատմեց մեզ Մերի Շահազիզյանը։

Նա նաև հայտնեց, որ Դավիթ Գևորգյանը մեկ տարուց ավելի է՝ ընկած է իր հետևից, բայց չի կարողացել ազատել, հիմա, ընտրություններից հետո, որոշել է ամեն գնով ազատվել իրենից։

Ձեզ կհետաքրքրի...