Թուրք զինվորականների հայտնվելը Հարավային Կովկասում լրացուցիչ լարվածություն կստեղծի տարածաշրջանում. Forbes
Թուրքիան ցանկանում է իր զինվորականներին տեղակայել տարածաշրջանում, բայց դժվար Մոսկվան համաձայնվի: Բաքվի համար թուրքական ռազմական օգնությունն այլևս այնքան կարևոր չէ, որքան Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ էր, ասում է Ստանիսլավ Պրիտչինը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատողը, հաղորդում է Forbes-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ և Շուշի քաղաք, ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև տարածաշրջանի սահմաններից դուրս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Էրդողանի բանակցությունները կարևորվեցին, այսպես կոչված, Շուշիի հռչակագրի ընդունումով, որն ի տարբերություն նախորդ բոլոր երկկողմ համաձայնագրերի, ստեղծում է իրավական հնարավորություն Ադրբեջանում թուրքական զորքերի տեղակայման համար:
Հռչակագրի կետերից մեկում նշվում է, որ «երկու կողմերը կնպաստեն անձնակազմի փոխանակմանը՝ ուղղված պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդմանը, համատեղ ուսուցմանն ու վարժանքներին, երկու երկրի զինված ուժերի ընդհանուր ներուժի բարձրացմանը, սերտ համագործակցությանը՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա, սպառազինությունների և զինամթերքի կառավարման գործում»:
Շուշիի բանակցությունների բաց հատվածում խոսք չի եղել Ադրբեջանում թուրք զինվորականների տեղակայման մասին: Բայց հաջորդ օրը Էրդողանն ասաց. «Այս հարցը [բազայի ստեղծման տարբերակը] դուրս չի գալիս հռչակագրի շրջանակից: Այս թեման հնարավոր է զարգացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում: Մեր բանակցությունների ժամանակ էլ դա կարող է իրականացվել յուրովի»:
Ստանիսլավ Պրիտչինի կարծիքով՝ Բաքվի համար ոչ մի ռազմավարական օգուտ չկա հանրապետության տարածքում թուրք զինվորականների հայտնվելուց: Ադրբեջանն արդեն լուծել է իր համար առանցքային խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի հարցը, որոնք կորցրել էր առաջին պատերազմի ժամանակ, և այժմ հող է նախապատրաստում ամբողջ տարածաշրջանի ինտեգրման համար: Թուրք զինվորականներին ներգրավվելու միջոցով ադրբեջանական բանակի ներուժն ուժեղացնելու անհրաժեշտություն չկա: Բաքուն չունի նաև արտաքին ռազմական աջակցություն պահանջող այլ խնդիրներ: Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնել, որ բազայի տեղակայման նախաձեռնողը Անկարան է, և նա է փորձում է համոզել իր դաշնակցին համաձայնել:
Ակնհայտ է, որ Մոսկվայի համար Հարավային Կովկասում թուրք զինվորականների հայտնվելը չի լինի իրավիճակի լավագույն զարգացումը, քանի որ դա կստեղծի լրացուցիչ լարվածություն տարածաշրջանում, որը սկսել է վերադառնալ խաղաղ կյանքին նոր ստատուս քվոյի պայմաններում: Եթե հարցը քննարկվի ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի թուրքական ծրագրերին: Իզուր չէ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով թուրքական զորքերի տեղակայման մասին տեղեկատվությունը, այն կոչել է «ասեկոսեներ»:
Պետք է խոստովանել, որ Թուրքիան ևս մեկ քայլ արեց իր համար կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում ամրապնդվելու համար: Այնուամենայնիվ, վերջին խոսքը Ռուսաստանինն է և տարածաշրջանային խաղացողներինը, առաջին հերթին՝ Ադրբեջանինը, որոնք հնարավորություն ունեն իրենց «ոչ»-ն ասել թուրք գործընկերներին: