«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

Erdoghanizm

Թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար:

Պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։

  1. Օրենքի ստորադասում

«Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու է իշխանությանը»,- մանրամասնում է Ինսելը: 

  1. Պետական կառույցների ապաֆունկցիոնալացում

«Էրդողանիզմի այս առանձնահատկությունը մեջտեղից հանում է կառույցների որոշակի ինքնավարությունը՝ դրանց բոլորին դարձնելով մեկ կառույցի՝ նախագահականի կողմից ուղիղ կառավարվող մասնաճյուղեր»,- պարզաբանում է Ինսելը։ Այդպիսով դատարանները, համալսարանները, նախարարական գերատեսչությունները, հանրային ծառայությունները, քաղաքապետարանները, գանձապետարանը, Կենտրոնական բանկը և մյուս օղակները ղեկավարվում են մեկ կառույցի ու մեկ մարդու կողմից: 

  1. Մշտականկանոնների բացակայություն

«Այսօր Թուրքիայում գործում է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ ոչ մի կանոն, նույնիսկ ռեժիմի սահմանած կանոնները շարունակական չեն: Իշխանության ղեկին կանգնած մարդը ամեն պահի ամեն կանոն կարող է փոխել»,- բացատրում է Ինսելը։ 

Այս երեքի համադրությունը, ըստ թուրք պրոֆեսորի եզրահանգման,  «Էրդողանիզմը» դարձնում է անկանխատեսելի մի իշխանություն, որը կարող է անել նույնիսկ ամենաանսպասելի բանը՝ ընդ որում թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Այս անկանխատեսելիությունը ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքում դարձել է «Էրդողանիզմի» գլխավոր առանձնահատկությունը: Ինսելի համոզմամբ դա հատկապես տնտեսական պլանում կործանարար հետևանքներ է թողնում։

«Էրդողանիզմի» իրականացրած այս երեք ավերների՝ օրենքի, կառույցների ու կանոնների ոչնչացումների հետևանքների հաղթահարումը «Էրդողանիզմից» հետո Թուրքիայի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն է լինելու»,- եզրափակում է թուրք պրոֆեսորը։

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...