Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու Ադրբեջանին 7 շրջանները. անգամ ասել եմ՝ Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյան

BBC

 Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը։ Լրատվամիջոցի հետ նա խոսել է Արցախյան 2-րդ պատերազմի և պարտության, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ու ներքաղաքական վիճակի մասին: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

 

Խոսելով մեղադրանքների ու պատերազմի ելքի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ իրենք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, երբ ադրբեջանցիներն արդեն նվաճել էին Շուշին և իսկապես շատ մոտ էին Ստեփանակերտին, այլ իրավիճակի համար, որը նա ստեղծել է մինչ պատերազմը ու հավելել, որ ինքը երբեք նույն իրավիճակում չէր հայտնվի:

«Նա ուներ բազմաթիվ հնարավորություններ՝ կանգնեցնելու պատերազմը: Սրանք դատարկ խոսքեր չեն, այլ իրականության մեջ երկու անգամ կատարվածի հայտարարություն: 1992-1994 թթ. առաջին պատերազմի ժամանակ մենք սկզբում կորցրինք գրեթե Արցախի 50 տոկոսը, բայց մենք մեր մեջ ուժ գտանք, հաղթահարեցինք բոլոր դժվարությունները և արդյունքում ունեցանք այն, ինչ ունեինք:

 

Հետո եղավ 2016-ի քառօրյա պատերազմը…

Մենք միայն Հայաստանին չենք մեղադրում պատերազմի համար, Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ այդ հարցը լուծելու է ռազմական ճանապարհով, բայց այդ խոսքերը միջազգային հանրության համար երբեք լեգիտիմ չեն եղել: Ամեն դեպքում, մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը»,- ասել է նա ու հավելել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարծել, թե պատերազմ կլինի, որովհետև իրենք վայելել են ժողովրդի մեծ մասի վստահությունը, եղել են ժողովրդավար ու լեգիտիմ, ու ո՞վ կարող էր հարձակվել նման երկրի վրա:

 

«Ես երբեք չեմ ասել՝ չենք վերադարձնելու 7 շրջանները։ Որևէ պարագայում ինձնից չէիք կարող լսել, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ հողերը։ Ես անգամ 2000-ին Ազգային ժողովում հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ։ Ավելի բացահայտ կարելի՞ էր միթե արտահայտել դա։ Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։ Ես չէի մտածում ո՛չ իմ վարկանիշի, ո՛չ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին։ Ես վարչապետ մնացի միայն հանուն նրա, որ հասցնեմ բանակցային գործընթացը մի կետի, երբ հարցի լուծումը կախված չէր լինի բանակցողի փոխարինումից։ Բայց, ցավոք սրտի, ինձ դա չհաջողվեց»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը ցանկանում էր մնալ երկրի վարչապետի պաշտոնում միայն այն բանի համար, որ բանակցային գործընթացը տաներ մինչև վերջ:

Ձեզ կհետաքրքրի...