Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ

Iran

Բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց, գիտնականների, գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների, այդ թվում՝ արևելագիտության և իրանագիտության հայաստանյան դպրոցների գործունեությունը շատ կարևոր դեր է խաղում հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Հենց այդ պատճառով էլ իրանական կողմը նախատեսում է առաջիկայում համագործակցության հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ խոսելով Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-րդ տարեդարձի և առհասարակ հայ արևելագիտության դպրոցի, այդ թվում՝ իրանագիտության երկարամյա ավանդույթների ու դերակատարության մասին:

«Եթե այլ երկրների համար արևելագիտությունը ուրիշներին ճանաչելու գիտություն է, ապա հայերի համար արևելագիտությունը ինքնաճանաչման գիտություն է, և հենց այդ պատճառով ցանկացած ուսումնասիրություն արևելագիտության բնագավառում իր նպաստն է բերում հայ ժողովրդի կողմից իր էությունն էլ ավելի լավ ճանաչելուն: Եվ ինձ համար գաղտնիք չէր, որ արևելագիտությունը Հայաստանում իր ուրույն տեղն ունի և արժևորվում է բոլոր գիտությունների կողմից», — ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը՝ ընդգծելով, որ արևելագիտությունը շատ լավ ավանդույթների վրա է դրված Հայաստանում:

Նրա խոսքով՝ մեծ անուններ կան այս բնագավառում, բայց պետք է ընդգծել, որ այդ կարևոր արևելագիտական կենտրոնների՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Արևելագիտության ինստիտուտի, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Մատենադարանի աշխատանքի շնորհիվ այսօր էլ այդ ավանդույթները լավագույնս շարունակվում են երիտասարդ արևելագետների կողմից:

«Ես գիտեմ, որ հայ արևելագիտական դպրոցը միջազգային մակարդակով շատ բարձր դիրք է գրավում ե՛ւ ցեղագիտության, ե՛ւ ազգագրության, ե՛ւ տարբեր ազգերի ու ցեղերի ուսումնասիրության բնագավառում: Իսկ ինչ վերաբերում է իրանագիտությանը՝ գիտենք, որ Հայաստանում իրանագիտության դպրոցն ի սկզբանե շատ լավ հիմքերի վրա է դրված եղել, այդ ավանդույթներն այսօր էլ են շարունակվում», — նշեց զրուցակիցը:

Հոսեյն Թաբաթաբային նաև տեղեկացրեց, որ ի շարս Հայաստանի իրանագիտական մյուս դպրոցների արժևորելով նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կարևոր դերակատարությունը՝ մոտ ապագայում համագործակցության հուշագիր կստորագրվի գիտահետազոտական «Իրաս» կենտրոնի և Արևելագիտության ինստիտուտի միջև, ինչն էլ ավելի կընդլայնի երկկողմ համագործակցությունը գիտական ոլորտում:

Ընդ որում, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը նախատեսում է նմանատիպ հուշագրեր ստորագրել արևելագիտությամբ և իրանագիտությամբ զբաղվող հայաստանյան բոլոր կենտրոնների հետ:

Իսկ հաջորդ կարևոր ձեռնարկն այն է, որ այս տարի կհանձնվի «Տարվա լավագույն արևելագետ» Հրաչյա Աճառյանի անվան մրցանակը:

«Արևելագիտության ինստիտուտի հետ միասին լավ ավանդույթի սկիզբ ենք դնում և հուսով ենք, որ այս մրցույթը կդառնա ամենամյա և ոգևորող կլինի երիտասարդ արևելագետների համար», — ասաց Իրանի դեսպանատան խորհրդականը:

Բացի այդ, քանի որ հաջորդ տարի մեկ այլ կարևոր տարեդարձ է նշվելու՝ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այդ առիթով Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը արդեն իսկ 2022թ. միջազգային գիտաժողովի անցկացման մասին հայտարարություն է տարածել, որին կարող են մասնակցել արևելագետները աշխարհի բոլոր երկրներից:

«Գիտաժողովը, որի խորագիրը լինելու է «Հայ-իրանական հարաբերություններ. անցյալը և ապագան», տեղի կունենա Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրը՝ փետրվարի 9-ին», — հաղորդեց Հոսեյն Թաբաթաբային:

Ձեզ կհետաքրքրի...