Փաշինյանի ընտրված լինելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի վերաբերում «Պատիվ ունեմ»-ին․ դաշինքը ևս կդիմի ՍԴ․ Սոս Հակոբյան
«Հայաստան» դաշինքն արդեն իսկ հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: «Պատիվ ունեմ» դաշինքը ևս դիմել էր ԿԸՀ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար։
Civic.am-ը կապ հաստատեց «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք իրենց դաշինքը միանալու է «Հայաստան» դաշինքին՝ ՍԴ դիմելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։
«Մենք ինքներս պատրաստվում ենք դիմել ՍԴ։ Խոսքը «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ՍԴ դիմելու մասին է, ոչ թե «Հայաստան» դաշինքին միանալու մասին։ Հիմա նյութերը հավաքագրվում են, կազմվում են իրավական փաստաթղթերը, երբ պատրաստ կլինի կարող ենք արդեն առարկայական ասել՝ հիմքում հիմնականում այն ընտրախախտումներն են, որոնց մասին շատ ենք խոսել։ Մենք ԿԸՀ ներկայացրել ենք արդեն դիմում, որն ինչպես գիտեք մերժվել է, որտեղ արդեն կան ներկայացված փաստարկներ և հանգամանքներ։ Սահմանադրական դատարանի մասով գուցե կլինեն հավելյալ հարցեր»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Սոս Հակոբյանը։
Մեր դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանը BBC-ին տված հարցազրույցում՝ ասաց՝ այո Փաշինյանը հաղթել է ընտրություններում․ Սոս Հակոբյանն արձագանքեց․ «Ես դա չեմ մեկնաբանում։ Հարցազրույցը չի վերաբերում ոչ «Պատիվ ունեմ» դաշինքին, ոչ էլ կարծում եմ ընտրական գործընթացներին»։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը BBC-ին ասել է․ «Այո, ես կարծում եմ նա հաղթել է ընտրություններում, բայց շատ հարցեր են առաջանում այդ հաղթանակի հետ կապված»։