Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է:
Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել են հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը:
Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը:
Դիջլեի համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի ղեկավար, դոցենտ Օքթայը Բոզանը լրատվամիջոցին հայտնել է, որ հայկական պատմական եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1841թ.՝ Աբդուլմեջիթ սուլթանի օրոք (1839-1861):
«1890թ. Մարիամ Աստվածածին վանքը ուներ 30 սենյակ, ներսում կար վառարան, լողավազան և համամ (բաղնիք)»,-ասել է Բոզանը:
Թուրք պատմաբանը նույնպես այն կարծիքին է, որ եթե կիսավեր եկեղեցին վերականգնվի, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Չյունգյուշ և տեսնել պատմական կառույցը:
Նրա խոսքով՝ եկեղեցու վայրը պատմական արժեքավոր նշանակություն ունի, քանի որ ենթադրվում է, որ այդ տեղում մ.թ.ա. 50-ական թվականներին հեթանոսական տաճար է կառուցված եղել:
ermenihaber.am