Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը քննարկել են համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրերը

glxavor hyupatos

 Հունիսի 29-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարթինեզի հետ։

Դեսպան Բայբուրդյանը Նուրի Մարթինեզին երախտագիտություն է հայտնել հայկական բանաձևերին իր ցուցաբերած դրական դիրքորոշման համար։

Գլխավոր հյուպատոսը գնահատանքի խոսք է ասել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Հայաստանի և Արցախի վերաբերյալ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընդունված բանաձևերին աջակցելու, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքապետարանի առջև խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ կազմակերպված հզոր մամլո ասուլիսի համար՝ Արցախի դեմ ագրեսիան դադարեցնելու կոչով։

Նուրի Մարթինեզն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հայկական օրակարգի հարցերին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ նախագծեր իրականացնելու ծրագրեր։

Նուրի Մարթինեզը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի դեկտեմբերից՝ մինչ այդ լինելով նախագահի պաշտոնակատար։ Քաղաքային խորհրդի անդամ է 2013 թվականից և ներկայացնում է 6-րդ ընտրաշրջանը, որի մեջ մտնում են հայաշատ Նորթ Հոլիվուդը, Վան Նայզը, Սան Վալին, ինչպես նաև Պանորամա Սիթին, Լեյք Բալբոան և Նորթ Հիլզը։

Ձեզ կհետաքրքրի...