Ադրբեջանցիները Խանքենդի ֆեյսբուքյան էջով Արցախի բնակչությանը կոչ են արել հարցեր ուղարկել իրենց․ ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի, սոցիալական ցանցերում հրապարակումների միջոցով խուճապ տարածելու և վախի մթնոլորտ ստեղծելու փորձերը, հարկ է համարում իրազեկել, որ դա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից մշակված քարոզչություն է։
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 29-ին «Xankəndi / Khankendi / Խանքենդիv «ֆեյսբուք»-յան էջում տեղադրվել է հայտարարություն, որով Արցախի Հանրապետության բնակչությանը կոչ է արվում «WhatsApp» բջջային հավելվածով իրենց նշված հեռախոսահամարին հարցեր ուղարկել։
Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին քարոզչության միջոցով խուճապ առաջացնել հայ հասարակության շրջանում: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը, սոցիալական ցանցերում լինել զգոն և զերծ մնալ նման քարոզչական բնույթի նյութերի տարածելուց ու քննարկելուց, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։ ԱՀ ԱԱԾ-ն շարունակում է իրականացնել համապատասխան քայլեր հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
ԱՀ ազգային անվտանգության ծառայություն