Արմեն Չարչյանի գործով վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան. պաշտպան
Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ. այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։ Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»։ Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Չարչյանը, սակայն դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, օրեր անց դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարել էր և նորից դատական գործընթաց սկսվել։ Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի (նտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ այն համարում են քաղաքական հետապնդում: Նրան մեղսագրվող հոդվածով նախատեսվում է չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։