ԵՄ-ն պատրաստվում է ավելի քան 1.5 միլիարդ եվրո հատկացնել Հայաստանին
Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարիներին մեկուկես միլիարդ եվրոյից ավելի գումար հատկացնել Հայաստանին հինգ առանցքային ծրագրերի, այդ թվում` Սյունիքի մարզի զարգացման համար: Փաստաթուղթը ներկայացվել է Բրյուսելում` առանձնացնելով այն նախաձեռնությունները, որոնք Եվրոպական հանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչև 2025 թվականը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հայաստանի մասով Եվրոպական հանձնաժողովը ծրագրում է՝
2. խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին.
3. ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության ու տեխնիկայի ոլորտներում.
4. ամրապնդել հարավային շրջանների դիմադրողականությունը.
5. ներդրումներ կանաչ Երևանի համար` էներգիայի արդյունավետ օգտագործման և բնությանը ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ:
Ուղենշային առաջին ծրագրով նախատեսվում է 500 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել փոքր ու միջին բիզնեսի 30.000 ներկայացուցիչների: «Համաճարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, արձանագրելով` այս հարցում օգնելով հայաստանցի գործարարներին` Եվրամիությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնեսի զարգացմանն ու արդիականացմանը, երկարաժամկետ կտրվածքով էլ` Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը:
Այս առումով, ըստ փաստաթղթի, առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, հատկապես շրջաններում, ինչպես նաև այն բիզնեսներին, որոնք առաջնորդում են կանայք:
Երկրորդ ծրագիրը նախատեսում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցությանը, ընդգծելով, որ Հայաստանի ազգային օրակարգի առաջնահերթություններից է Հյուսիս-հարավ միջանցքի շահագործումը, որը հնարավորություն կտա ապահովել ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:
«Տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն կտա սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ»,- փաստում է Եվրոպական հանձնաժողովը, հավելելով. «Այս ուղղությամբ Եվրամիության ներդրումը կկենտրոնանա Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան֊Քաջարան ճանապարհի վրա»: Այս ծրագրի իրագործման համար նախատեսվում է 600 միլիոն եվրո հատկացնել, որը կտրամադրվի նաև հարավում նախատեսված նոր` Սիսիան-Քաջարան թունելի կառուցմանը:
Ուղենշային երրորդ ծրագիրը նախատեսում է աջակցություն նորարարական տեխնոլոգիաներին ու գիտությանը: «Հայաստանը հզոր տեղեկատվական ներուժ ունի, ոլորտը վերջին տարիներին մոտ 20 տոկոս աճ էր արձանագրում, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հարկավոր է հավելյալ աջակցություն»,- փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը՝ մանրամասնելով. «ԵՄ-ն նախկինում աջակցել է էլեկտրոնային կառավարմանը, սակայն հիմա նոր ներդրումներ են անհրաժեշտ` ընդարձակելու այդ ծառայությունները նաև մարզային ու տեղական մակարդակներում: Ընդհանուր առմամբ, այս նպատակով նախատեսվում է մինչև 300 միլիոն եվրոյի ներդրում»:
Չորրորդ ուղղությունը նախատեսում է աջակցել Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդմանը: «Հատկապես Սյունիքի շրջանը աջակցության կարիք ունի»,- նշում է զեկույցը, փաստելով, որ մարզը առանց այդ էլ տևական ժամանակ խնդիրներ է ունեցել ենթակառուցվածքների անբավարար զարգացվածության պատճառով, վերջերս էլ դրանց ավելացել են պատերազմից ստացած հարվածներն ու պատերազմական գոտուց տեղահանված մարդիկ, որոնք օթևանի, աշխատանքի ու կրթության կարիք ունեն:
Վերջին` հինգերորդ ուղղությունը վերաբերում է մայրաքաղաքին, մասնավորապես կանաչ Երևանին: «Մարդկանց կյանքի որակը բարելավելու, Երևանի օդի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է լուծել թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը»,- փաստում է Եվրահանձնաժողովի զեկույցը, հավելելով` Եվրամիությունը պատարաստ է ներդրումներ անել «խելացի քաղաք» փաթեթի իրագործման համար: Այս համատեքստում նախատեսվում է աջակցել «կանաչ ավտոբուսների ներմուծմանը», որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը:
Օրակարգում են նաև կյանքի որակի բարելավմանը, այդ թվում` Երևանում թափոնների կառավարմանն ու աղբամշակմանն ուղղած մի շարք ծրագրեր: Ընդհանուր առմամբ, այս նպատակների իրագործման համար կտրամադրվի մինչև120 միլիոն եվրո:
Փաստաթուղթը միաժամանակ ընդգծում է` երբ հնարավորություն ստեղծվի, Եվրամիությունը պատրաստ է նաև աջակցել Հարավային Կովկասի ետպատերազմյան վերականգնմանը և հակամարտության վերափոխմանը, այդ թվում` պատերազմից տուժած տարածքների ականազերծմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, խաղաղության հաստատմանն ու հաշտեցմանը:
Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է առանձնացրել նաև «Արևելյան գործընկերության» անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` Եվրամիության 28 երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:
«Մենք ուզում ենք կազմել մի օրակարգ, որը կարձագանքի այսօրվա աննախադեպ մարտահրավերներին և հնարավորություններին, միաժամանակ կենսունակ կլինի նաև ապագայում»,- հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը՝ հավելելով. «Մեր բոլոր նախաձեռնությունների հիմքում շարունակելու է մնալ աջակցությունը ժողովրդավարությանը, լավ կառավարմանը, օրենքի գերակայությանը, որոնք այնքան կարևոր են մեր համագործակցության ընթացքում դրական, կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար»: