Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում․ Պարսյան
Ամռվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն) շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Ինչպես Սուրբ Զատիկի շրջանում ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում և մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, այնպես էլ հիմա շաքարավազը որոշ խոշոր սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է սահմանափակումներով, օրինակ՝ առավելագույնը 5 կգ-ով։ Երբ շաքարավազի գնման քանակության վրա սահմանափակումներ են առկա, մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում գնին, չեն նկատում, որ շաքարավազի գինը խանութում հասել է 420 դրամի։
Խաբված գնորդն ինքնագոհ մի քանի կգ շաքարավազը թանկ գնով առնում է և շտապում տուն։ Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակելով գերշահույթ։
Նախկին իշխանությունների օրոք, երբ ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին, ժողովուրդը դա բացատրում էր ընտրարշավի ժամանակ ծախսված գումարների հետ վերադարձով։ Կարծես թե օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են։ Իսկ պետական մարմինները, ինչպես միշտ անգործության են մատնված։ Գործի անցե՛ք․․․․
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան