Ադրբեջանում ընթացող դատավարությունները չեն կասեցվի․ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի միջնորդությունը
Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարական գործերը շինծու են և զուրկ են օրինական հիմքից, և դրա համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը միջնորդել է Եվրադատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ադրբեջանին՝ կասեցնել այդ դատական գործընթացները, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը տրամադրել քրեական գործի բոլոր նյութերը։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ին ուղղված պահանջներում շեշտել են, որ եթե դատարանը նմանատիպ քայլերի չդիմի, ապա այդ դատական պրոցեսները ամենօրյա ռեժիմով խախտում են մարդու արդար դատաքննության իրավունքը։ Ուստի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը պահանջել է միջանկյալ միջոց կիրառել՝ Ադրբեջանում ընթացող դատավարությունների ընթացքում իրավունքների խախտումները կանխելու նպատակով։
Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջնորդությունը ՄԻԵԴ են ներկայացրել հունիսի 30-ին, սակայն Եվրադատարանը հուլիսի 2-ին մերժել է այդ միջնորդությունը։
«Չնայած որ միջանկյալ միջոցների տրամաբանության մեջ աշխատանքը դեռևս շարունակվում է, բայց հայկական կողմը շարունակում է ամբողջ ապացույցների համախումբը ներկայացնել ընթացող միջպետական գանգատի քննության շրջանակներում, որը մի փոքր ավելի երկարատև պրոցես է լինելու, սակայն ավելի բովանդակային և խորը քննություն է լինելու խախտումների վերաբերյալ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է միջպետական երկու գանգատ, որը վերաբերում է գերեվարված անձանց և նրանց հարազատնեի, ինչպես նաև անհետ կորած անձանց հարազատների իրավունքների պաշտպանությունը։ Միջպետական գանգատներից մեկը ներկայացվել է Ադրբեջանի դեմ 2021թ․ փետրվարի 1-ին, իսկ մյուսը՝ Թուրքիայի դեմ 2021թ․ մայիսի 9-ին։
hetq.am