Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ

verakangnel
 ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։
«Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019 թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։ Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով»,- գրել է Մարուքյանը:
Նա նշել է, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։
«Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը։ Մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակութային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։ Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց»,- գրել է Մարուքյանը։

Ձեզ կհետաքրքրի...