Լրացուցիչ տեսախցիկներ և արագաչափ սարքեր ՀՀ ավտոճանապարհներին․ ոստիկանության հայտարարությունը

tesaxcikner

 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր, որոնք գործարկվելու են 2021 թվականի հուլիսի 12-ից:

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոց (եկեղեցու հարակից հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

2. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,2-րդ կմ, Փարաքար գյուղի վարչական տարածք, (հետադարձ կատարելու վայրին հարող հատված), երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ արագությամբ։

3. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10,8-րդ կմ՝ Փարաքար գյուղի վարչական տարածք, չկարգավորվող հետիոտնային անցմանը հարող հատված, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

4. Արմավիրի մարզի Հացիկ համայնքի վարչական տարածք, 1 արագաչափ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

5. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23,5 կմ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի գյուղմթերքների շուկայի հարևանությամբ, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։

6. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27,8կմ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող ԱԳԼՃԿ-ին հարող հատված, երկու լուսանկարահանող սարք՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը 90 կմ/ժ։

7. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 36,5կմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

8. Արմավիրի մարզի Նորապատ համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ:

9. Մ-14 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ:

10. Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, ղեկավարվելով վերը նշված իրավանորմի պահանջներով, տեղափոխման եղանակով լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել Երևան քաղաքի հետևյալ ճանապարհահատվածներում.

– Դավթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
– Դավթաշենի կամրջին հարող հատված՝ հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա. Խաչատրյան-Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
– «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված՝ հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Ձեզ կհետաքրքրի...