Բացահայտվել են խարդախության և փողերի լվացման մի շարք դեպքեր

Bacahaytvel en

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են խարդախության և փողերի լվացման  դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը 2019-2020թթ.  ընթացքում «Facebook» սոցիալական կայքում գրանցել է «Varker Sev Cucakum Gtnvoxnerin», «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» և «Վարկեր Սև Ցուցակով անձանց» անհատական հաշիվներ և «Messenger» հավելվածով նամակագրության և հեռախոսազանգերի միջոցով  շփումներ է ծավալել 3 տասնյակից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից։ Վերջիններիս ԱՔՌԱ վարկային բյուրոյում առկա բացասական վարկային պատմությունը վերացնելու և շտկելու, ապա նոր՝ շահավետ պայմաններով վարկեր ստանալու հարցում աջակցելու կեղծ խոստումներ տալով՝ նրանցից խաբեությամբ պահանջել և «Թելլ Սելլ», «Իզի Փեյ» ու «Իդրամ» վճարային համակարգերի միջոցով իր կողմից տնօրինվող բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին, «Իդրամ» ՍՊ ընկերության վճարային համակարգերում կեղծ, պատահական անձանց անուններով նույնականացված 9 հաշիվներին ստացել, ինչպես նաև 3 քաղաքացիների բանկային քարտերի հաշիվներից հափշտակել է տվյալ քաղաքացիների կողմից փոխանցված առանձնապես  խոշոր չափերով, ընդհանուր` 8․222․200 ՀՀ դրամ գումարը:

Հափշտակված գումարների հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ բուքմեքերական ընկերության 41 կեղծ, չնույնականացված անհատական հաշիվներին մուտքագրված քաղաքացիներից հափշտակված գումարները խաղի միջոցով մաս-մաս պարտվել է իր անվամբ, ինչպես նաև իր կողմից տնօրինվող նույնականացված այլ խաղային անհատական հաշիվներին, որից հետո տվյալ հաշիվներին գեներացված դրամական միջոցները փոխանցելով «Իդրամ» վճարային համակարգի իր, ինչպես նաև իր կողմից օգտագործվող անհատական հաշվառման հաշիվներին և  բուքմեքերական ընկերության տարբեր գրասենյակներ՝ կանխիկացրել է: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...