«Իմ դեմ խաղ չկա». ինչ է սպասվում դատական համակարգում. ուշագրավ փոփոխություններ. armlur am
Դատական համակարգում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը վեր է ածվել մեկ մարդու իշխանության, ով որդեգրել է հին ու բարի «իմ դեմ խաղ չկա» վարքագիծը և առանց հաշվի առնելու ԲԴԽ անդամների կարծիքները, դե ֆակտո միանձնյա որոշումներ է կայացնում դատարանների նախագահների և դատավորների նշանակման վերաբերյալ:
Խոսքն իհարկե Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը փաստացի զավթած Գագիկ Ջհանգիրյանի մասին է: Արդեն հայտնել էինք, որ ԲԴԽ-ն Գ. Ջհանգիրյանի գլխավորությամբ այցելելու է դատարաններ՝ նախագահների թեկնածությունների վերաբերյալ իբր տվյալ դատարանների դատավորների կարծիքները լսելու համար: Եվ ահա այդ տեղեկությունները հաստատվեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ այցելությունների ժամանակ շատ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել:
Մաթեմատիկական ճշգրտությամբ գրեթե բոլոր դատարաններում աշխատել է նախապես ծրագրված սցենարը, ըստ որի՝ յուրաքանչյուր դատարանում Գ.Ջհանգիրյանի կողմից վստահված անձինք առաջադրել են այն դատավորի թեկնածությունը, ում տվյալ դատարանում նախագահ նշանակելու հարցը Գ. Ջհանգիրյանը նախապես համաձայնեցրել է Ն. Փաշինյանի հետ: Նման համաձայնության արդյունքում են նշանակվել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ա. Մկրտչյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը:
Ըստ շրջանառվող հավաստի տվյալների՝ ԲԴԽ անդամներն այդ գործընթացին միջամտելու որևէ իրավունք չունեն: ԲԴԽ բոլոր անդամները պատրաստակամ կատարում են Գ.Ջհանգիրյանի բոլոր ցուցումները: Նրանք արդեն տեղյակ են առաջիկայում իրենց կողմից կատարվելիք ընտրության մասին, որին տեղյակ է նաև գրեթե ողջ իրավաբանական հանրությունը: Եվ այսպես, ԲԴԽ հարգելի անդամներն առաջիկայում ՀՀ վարչական դատարանի նախագահ են ընտրելու Արգիշտի Ղազարյանին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ Արման Թովմասյանին, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ Արման Կուրեխյանին: Հատկանշական է, որ Գ. Ջհանգիրյանն իր խորհրդական է նշանակել իր հավատարիմ ընկեր, նախկին դատավոր Վարդան Ստեփանյանին, որի միջոցով էլ Գ. Ջհանգիրյանը պատրաստվում է պատվերները փոխանցել դատարանների նախագահներին և դատավորներին:
Բանը հասել է նրան, որ Գ. Ջհանգիրյանի սխրագործությունների մասին դատական համակարգում սկսել են լեգենդներ պատմել, սակայն նա, ըստ ամենայնի, մեծապես թքած ունի, թե ինչ են խոսում: Կարևորն այն է, որ բոլորին պարզ լինի, որ «իր դեմ խաղ չկա»: Այդ շարքից են նաև դատավորների թեկնածուների հետ հանդիպումները, որոնց ընթացքում Գ. Ջհանգիրյանը հնարավոր բոլոր ձևերով նրանց հասկացնում է, որ ցուցակից դուրս կթողնի բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն սկզբունքայնություն դրսևորել:
Այդպիսի դեպքեր են գրանցվել վերջերս, երբ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուներին առաջարկել են միայն մարզերում նշանակվելու համար, քանի որ Երևանի հաստիքները «աճուրդի» են հանվել իրենց ծառայություններն առաջարկած մարզերի գործող դատավորների համար, որի մասին վերջիններս ազատ արտահայտվում են իրենց շրջապատում:
Գործող դատավորները համոզմունք ունեն, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով այլևս արդարադատություն չի իրականացվի, քանի որ դատարանները կվերածվեն նախկին Զինվորական դատախազության՝ Գ. Ջհանգիրյանի գլխավորությամբ:
Քնար Մանուկյան
armlur.am