Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին
Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ Նիդերլանդները հետևողական են լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։
Գրավոր նամակից բացի Նիդերլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։
Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաև վերջերս տարածաշրջանային այցով Բաքում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների կողմից ԵՄ անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։ Ս․ Կաախը վստահեցրել է, որ այդ, ինչպես նաև Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում Նիդերլանդները մշտապես հանդես է եկել ԵՄ դերակատարության մեծացման օգտին։