Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի սահմանի մոտ
Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի զինծառայողների համատեղ զորավարժություններ տեղի կունենան օգոստոսի 5-10-ը Տաջիկստանի Հարբ-Մայդոն զինավարժարանում՝ Աֆղանստանի սահմանից 20 կմ հեռավորության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
«Օգոստոսի սկզբին Հարբ-Մեյդոնում մենք կմասնակցենք համատեղ զորավարժություններին՝ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների ներգրավմամբ: Զորավարժությունների ընթացքում մենք կմշակենք միացյալ ուժերի կողմից ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներ`միության պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ջոկատներին ոչնչացնելու համար», – ասել է Լապինը:
Զորավարժություններում ներգրավված զինծառայողների թիվը դեռ հայտնի չէ: