«Մեկ ազգ՝ երեք պետություն»․ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանը ճանաչելու է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը

Erdoghan

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդլայնված կազմով պատվիրակությամբ գտնվում է Հյուսիսային Կիպրոսում, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի հետ Լևքոշայի Հալյալ Սուլթան մզկիթում տոնական աղոթք է կատարել, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, Էրդողանն ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարն էլ ասել է, որ իրենց համար Ադրբեջանը եղբայրական երկիր է և կա ցանկություն՝ զարգացնելու հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի հետ։ Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակությունը գտնվում է Հյուսիսային Կիպրոսում՝ հավելելով, որ նրանց հետ հանդիպմանն ասել է․ «Մենք մեկ ազգ ենք՝ երեք պետություն։ Կարծում եմ՝ ամեն ինչ գնում է դրան»։ Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Հյուսիսային Կիպրոս։ Այսօր, ի դեպ, Թուրքիայի՝ Կիպրոս ռազմական ներխուժման օրն է։

Էմմա Չոբանյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...