Բրիտանացի խորհրդարանական Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ռուփա Հաքը կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի ներկայացուցիչը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ տեղեկացնում է Միացյալ Թագավորության Հայ Դատի գրասենյակը:
«Արդեն ժամանակն է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը միանա ավելի քան 30 պետությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին ու պաշտոնապես ճանաչի 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունը»,- հայտարարել է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
«Միացյալ Թագավորության արտգործնախարար Դոմինիկ Ռաաբին կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա հայտարարել է, որ դիրքորոշումն անփոփոխ է մնում, սակայն նա, կարծես թե, լռելյայն ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել»,- հավելել է նա: