Մտածում ենք ծրագրի մասին, որը գնացքով կկապի Երևանը, «Զվարթնոցը», Էջմիածինն ու Արմավիրը. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ-ին ֆինանսական բացառիկ օժանդակություն տրամադրելու Փարիզի նախաձեռնությանը, հայտարարել է, որ Ֆրանսիան ցանկանում է ներկա լինել էներգետիկ, ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղային ոլորտներում։
«Մտածում ենք, մասնավորապես, մի ծրագրի մասին, որով գնացքով կկապվեն Երևանը, «Զվարթնոց» օդանավակայանը, Էջմիածինն ու Արմավիրը։ Եվ, իհարկե, մենք պատրաստ ենք նաև դիտարկել տարածաշրջանային երկաթուղային ծրագրեր»,-ասել է նա։
Լաքոտը նշել է, որ տրամադրվելիք գումարի չափը կախված կլինի հայկական կողմի ներկայացվելիք ծրագրերից։ «Որպեսզի գաղափար ունենանք, թե ինչի մասին է խոսքը, կարող եմ ասել, որ բյուջետային օժանդակության մասով պատրաստ ենք տրամադրել 50-100 միլիոն եվրոյի չափով փոխառություն։ Բյուջետային այս օժանդակությանը կարող են գումարվել առանձին օժանդակություններ՝ հատուկ ծրագրերի համար»,-ասել է դեսպանը։