Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Nissan Pathfinder-ը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում, կան զոհեր, այդ թվում՝ երեխաներ
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, Ջարդիձոր կոչվող հատվածում, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 5 հոգի՝ որոնցից 2-ը ծայրահեղ ծանր, 3-ը՝ միջին ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Արթուր Բդոյանը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի և Ախուրյանի քննաչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Մգոյանի գլխավորությամբ: Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ Վարդան Խալիկյանի անվամբ: Հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գյումրի քաղաքի Ավստրիական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նշված ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 1 երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է: Պարզվեց, վթարի հետևանքով կա 3 զոհ, 3 վիրավոր: 22:00. Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված Վարդան Խալիկյանը մահացավ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com