Ինչու է վտանգավոր հայ-ֆրանսիական հարաբերության եւ Ֆրանսիայի դերակատարության շուրջ չափազանցված սպասումների ձեւավորումը․ Բադալյան

Badalyan

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Համարում եմ կարեւոր, եւ դրանով է պայմանավորված հաճախակի անդրադարձս այս թեմային:Ինչու է վտանգավոր հայ-ֆրանսիական հարաբերության եւ Ֆրանսիայի դերակատարության շուրջ իռացիոնալ, չափազանցված սպասումների եւ «դիսկուրսի» ձեւավորումը:

Այստեղ խնդիրը լոկ հիասթափության քարոզարշավի նախադրյալ ստեղծելու հանգամանքը չէ, որին անդրադարձել եմ:

Բավականին նկատելի եւ շոշափելի է, որ Ֆրանսիայի «առանցքով» ծավալվում է բավականին նուրբ գործընթաց, որի շնորհիվ հնարավոր է ձեւավորել Կովկասում իրավիճակի կառավարման Մինսկի խմբի համանախագահության փոխհամաձայնեցված միջավայր:

Մեղմ ասած քաղաքականապես անհամարժեք է մտածել, թե հնարավոր է Հայաստանի համար որեւէ դրական զարգացում, եթե իրավիճակը գնա ԱՄՆ-Ֆրանսիա մի կողմից եւ Ռուսաստան մյուս կողմից հակադրության տրամաբանությամբ:

Ակնառու է, որ Ֆրանսիան փորձում է թույլ չտալ այդպիսի տրամաբանության գեներացում եւ բյուրեղացում, եւ դրա մի ակնառու դրսեւորում էր դեսպան Լաքոթի հարցազրույցը: Մինչդեռ, շատ պարզ է թե երկրների, թե նաեւ տնտեսա-քաղաքական խոշոր խմբերի շահագրգռությունը՝ թույլ չտալ Ֆրանսիայի առանցքով այդպիսի քաղաքական գործընթացի զարգացում եւ պահպանել իրավիճակը, երբ ռուսական քաղաքականությունը ամբողջությամբ կողմնորոշվում է դեպի Թուրքիա:

Այդ խնդիրը լուծելու համար գործի են դրվում ամենատարբեր տեխնոլոգիաներ եւ մեթոդներ, այդ թվում նաեւ Հայաստանի հանրության հանդեպ: Եվ դրանցից մեկն էլ կարող է լինել հենց դա՝ Ֆրանսիայի հանդեպ «գերբարձր» սպասումներ, որոնց հիման վրա էլ ձեւավորվում է Ռուսաստանում համապատասխան լոբբինգը, ցույց տալու համար, որ Ֆրանսիան կարող է Մոսկվային ոչ թե առաջարկել թուրքերի հետ ռազմավարական հարաբերության այլընտրանք եւ հասնել համարժեք քաղաքական որոշումների Մոսկվայում, այլ այդպիսով «խաբել» եւ Հայաստանը տանել ձեռքից:

Եվ ակնառու է, որ ռուսական փորձագիտական դաշտի ամենատարբեր սեգմենտներում այս օրերին գնաց հենց նույն ալիքը՝ Պուտին, Հայաստանը տանում են, մի բան պետք է անես:Ահա այստեղ է խնդիրը, որը մեզանից պահանջում է լուրջ եւ ծանրակշիռ մոտեցումների ձեւավորում, Ռուսաստանի հանդեպ անձնական զգացումները քաղաքականության տեղ հրամցնելու փոխարեն:

Կրկնեմ, Հայաստանում թերեւս շատ քչերը պատրանք ունեն Ռուսաստանի «դաշնակից» լինելու վերաբերյալ: Բայց, առավել եւս, երբ Ռուսաստանը հռչակվում է «թշնամի», պետք է չափազանց զգույշ լինել այդ «թշնամության» հետ: Ու, վերստին, դիվանագիտական նուրբ տողատակով նաեւ հենց այդ մասին էր ակնարկում դեսպան Լաքոթը՝ մի նպաստեք էստեղ Ռուսաստան-Ֆրանսիա հակադրություն «ստեղծելուն» ու Կրեմլի սեղանին մատուցելուն, մի խանգարեք Ֆրանսիային ունենալ նաեւ հենց Հայաստանի համար էֆեկտիվ դերակատարում՝ առավել եւս Ֆրանսիայի ոչ մեծ գործիքակազմի պարագայում, մի նպաստեք դրանով շահագրգռված ուժերի սպասումներին եւ մղումներին:

 

Ձեզ կհետաքրքրի...