Էրդողանի կուսակցության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին և զգուշացրել «զերծ մնալ ագրեսիվ գործողություններից»

sparnaliqner

 Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ, մամուլի խոսնակ Օմեր Չելիքը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա պաշտոնական Երևանին մեղադրել է, իբր, ագրեսիվ քաղաքականության մեջ։ «Հայաստանը չպետք է զբաղվի ինքնախաբեությամբ ու չտրվի այն շրջանակների հռետորաբանությանը, որոնք նրան մղում են սադրանքների՝ նման նրան, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի Քելբաջարի շրջանում (Արցախի գրավյալ Քարվաճառի շրջան)»,- թվիթերյան իր էջում գրել է Չելիքը, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Չելիքը դատապարտել է ՀՀ-ի գործողությունները, որոնք, իբր, հանգեցրել են սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան։ «Երևանի ագրեսիվ քաղաքականությունը սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար։ Հետևանքների համար նաև պատասխանատվություն են կրում այն ուժերը, որոնք Երևանին մղում են նման գործողությունների։ Այդ ուժերը միանշանակ չեն աջակցի Հայաստանին, երբ տրվի արժանի պատասխան։ Հայաստանի վիճակն ավելի է վատթարանում»,- գրել է Չելիքը։ Նա նաև հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը՝ տարածաշրջանի երկրների միջև երկխոսության մեխանիզմի ու համագործակցության։ «Եթե Հայաստանը հրաժարվի իր ագրեսիվ գործողություններից, ապա կկարողանա այս մեխանիզմի մաս կազմել։ Երևանը չպետք է կորցնի այս պատմական հնարավորությունը և համապարփակ գնահատի Թուրքիայի ու Ադրբեջանի առաջնորդների կոչերը։ Հակառակ դեպքում, այս երկրին սպասվում են նոր խնդիրներ։ Հայաստանը չի կարող տարածաշրջանային խաղաղությունը վտանգի տակ դնել»,- գրել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը։ Ի դեպ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատվիրակությունը, փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորությամբ, գտնվում է Բաքվում։ Քուրթուլմուշը ևս սպառնացել է Հայաստանին՝ նշելով, թե «Երևանը հույսը չպետք է դնի արտաքին ուժերի», այդ թվում՝ սփյուռքի վրա։ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների արդյունքում»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...