«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստում այս մասին հայտնեցին խմբակցության անդամները:
«Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկրորդ՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հավելեց, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց դաշինքը ևս վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց, թե քվեարկության գործընթացը ևս ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում: «Քվեարկությունը սկսված լինելու պայմաններում անհասկանալի կերպով ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել և նորից սկսվել է քվեարկությունը: Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը»,- ասաց նա ու հավելեց՝ դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի:
Փակ գաղտնի քվեարկությամբ օգոստոսի 2-ին ԱԺ նախագահ է ընտրվել ՔՊ-ի թեկնածու Ալեն Սիմոնյանը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, առաջադրվել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չէին մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:
Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Օգոստոսի 2-ին ԱԺ նախագահի առաջին ընտրությունն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ էր եղել, անցկացվել էր նոր ընտրություն: