ՌԴ ԱԳՆ-ն արտահայտել է իր դիրքորոշումը Թուրքիայի կողմից C-400 համակարգերի գնման վերաբերյալ
Մոսկվան բարձր է գնահատում Թուրքիայի՝ C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դիրքորոշումը, Անկարայի հետ համագործակցության զարգացման լուրջ ներուժ է տեսնում, համապատասխան գերատեսչություններն էլ այդ հարցով կապի մեջ են։ Այս մասին Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական չորրորդ վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։ «Գոհունակությամբ նշում ենք, որ ռուս-թուրքական գործընկերության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն հարցերի շրջանակում։ Բացառություն չէ նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Համատեղ նախագծերի իրականացումը, առաջին հերթին՝ 2019թ-ին C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը ցույց է տալիս մեր երկրների վճռականությունը այս ոլորտում համագործակցության ամրապնդման։ Դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում»,- ասել է Պիլիպսոնը՝ հավելելով, որ գնահատում են թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանունակության ապահովման ազգային շահերին համապատասխան՝ չնայած բացահայտ արտաքին ճնշմանը։ Պատասխանելով Անկարայի կողմից C-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման ժամկետների մասին հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է, որ «համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցերով»։ Նշենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան 2017թ-ին են պայմանագիր կնքել C-400 համակարգերի գնման վերաբերյալ։ 2019թ-ին արդեն մատակարարումները թուրքական կողմին սկսվել են։ Այս գործարքը ճգնաժամ է առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Արդյունքում՝ Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ։
Էմմա Չոբանյան