Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Makron Aliev

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են համագործակցել՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Այս մասին նշված է երկու գործիչների հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում: 

«Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համագործակցել հանուն տարածաշրջանում կայունության ամրապնդման՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա»,- նշված է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում: 

Զրույցի ժամանակ Է. Մակրոնն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության վերաբերյալ: Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և եռակողմ համաձայնության շուրջ առկա բարդությունները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել:

Ֆրանսիայի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը տարածաշրջանային կայունության ապահովման հարցում: 

Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է Փարիզի հանձնառությունը՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք ապաէսկալացիայի:

Ձեզ կհետաքրքրի...