Ավարտվել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնասի պատճառմամբ զուգորդված ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազորը, տեղյակ լինելով 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, այն է՝ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ չի կիրառել պատասխանատվության միջոցներ նրանց կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց, որպիսի գործողությունների հետևանքով պետությանը գույքային վնասի ձևով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, ՀՀ ՊԵԿ օպերլիազորը իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողին նախապես տեղյակ պահելու և նրա կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար 2020 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և նրանցից առձեռն ստացել է կաշառքի գումարներ:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:
Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: