Թուրքիան,ինչպես Տիտանիկը խորտակվում է, մարդիկ հուսահատ դիտում են նավի նվագախմբի վերջին ելույթը․ թուրք դիվանագետ. factor.am

Titanik

 ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Թանը հայտարարել է, որ  Թուրքիան հիմա նման է նավի, որը փոթորկոտ ծովում կորցրել է  ուղղությունը։  Դեսպանի հոդվածը ներկայացնում է Ահվալ  գործակալությունը։ «Ցանկացածը, ով մի փոքր պատմություն գիտի, լավ հասկանում է, որ նավապետի համար դժվար է փրկել նավը խորտակումից։ Ինչպես Տիտանիկի աղետի դեպքում, հասարակությունը  հուսահատ դիտում է նավի նվագախմբի վերջին ելույթը»,- գրում է թոշակի անցած դիվանագետը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում անտառային հրդեհները տասնյակ հազարավոր հեկտար անտառներ են ոչնչացրել, զոհվել  է 8 մարդ, հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից։ «Կապիտանի միակ նպատակը նավը ջրի երեսին պահելն է մինչև փոթորիկն անցնի, բայց նրան չի հուզում  փոթորկի պատճառած վնասները»,- գրում է Թանը ՝ քննադատելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Նախկին դեսպանի խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը հիասթափեցրել ու ցավի մեջ է թողել հրդեհներից տուժած օգնության սպասող քաղաքացիներին։ Նա նշում է, որ երկրի ԱԳՆ-ն կորցրել է իր ինստիտուցիոնալ ինքնությունը։ «Խորապես տխրում եմ՝ տեսնելով, որ ԱԳՆ-ն,որի անդամն եմ պատիվ ունեցել լինելու ու ծառայել եմ մոտ 40 տարի, օգտագործվում է գաղափարական նպատակներով»,-գրում է Թանը՝ նշելով, որ նախարարության պրոֆեսիոնալ կադրերը համակարգված կերպով փոխարինվում են նախկին  քաղաքական գործիչներով։ Ըստ նրա՝ ԱԳՆ-ն աստիճանաբար կորցնում է իր կշիռը ու առաջնահերթությունը Թուրքիայում աշխատող օտար երկրների դիվանագետների աչքում։ Թանը նաև քննադատում է  Չավուշօղլուին ՝ հրդեհների դեմ պայքարի համար ստեղծված թիմի աշխատանքներում ներգրավվելու համար․ «Արտաքին գործերի նախարարի հիմնական պարտականությունը  մեր միջազգային հարաբերություններում առկա կոնկրետ  քաղաքական խնդիրները լուծելն է։ Դժվար է պատկերացնել՝ ինչու է ԱԳ նախարարը կենտրոնանում այն խնդիրների վրա, որոնք իր պարտականություններից դուրս են,  այն ժամանակ, երբ մեր արտաքին քաղաքականությունում գերիշխում է անհամապասխանությունը, երբ մենք ամեն հարցում լուրջ խնդիր ունենք, միջազգային ասպարեզում շատ երկրների հետ խնդիրները սպասում են լուծման»,- գրում է թուրք դիվանագետը։ Թանի խոսքով՝ Չավուշօղլուն փորձում է «պահպանել ուղևորների ու անձնակազմի բարոյական ոգին» հայտարարելով, որ «Մենք ուժեղ ենք ու ունակ հաղթահարելու  ցանկացած մարտահրավեր» ։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...