Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել
Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։
Ըստ այդ տվյալի՝ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2061253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝ կոմբինատում ունեցած բաժնետոմսերի վրա։
Ըստ ընկերության իրական սեփականատերերի ռեգիստրի տվյալների՝ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնետերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն է, որն իր բաժեմասը ձեռք է բերել 2020-ին՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով։ «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնեմասերի վրա դրված կալանքի հիմքերի մասին ևս մանրամասներ չկան։
«Զանգեզուր մայնինգ»-n անցյալ տարի դատաան գործընթաց էր սկսել ընդդեմ կոմբինատի մյուս բաժնետերերի։ Ընկերությունը պահանջում էր կոմբինատի բաժնետոմսերի առքուվաճառքի մի շարք գործարքներ անվավեր ճանաչել, իսկ որոշ գործարքներում էլ որպես գնորդ նախապատվությունն իրենց տալ։ Դատարանը քննել ու մերժել էր ընկերության հայցը, իսկ պղնձամոլիբդենայինի տնօրենների խորհրդի նախկին անդամ, ներկայում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը Զուրաբովի գործողությունները «ալոգիկ» էր որակել։ «Զանգեզուր մայնինգ»-ի շահերի ներկայացուցիչ Միխաիլ Մկրտումյանը «Լուրեր»-ին ասաց՝ «լիազորված չէ որևէ բան մեկնաբանել» բաժնեմասերի կալանքի հարցով։
Օգոստոսի 2-ին կալանք է դրվել նաև Զանգեզուրի պնձամոլիբդենային կողմբինատին պատկանող այլ ընկերություններում ունեցած բաժնեմասերի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ին, որը շահագործում էր Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը, որի հաստատված պաշարները կազմում են ավելի քան 2 միլիոն 762 հազար տոննա հանքաքար։ Հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը մինչև 2030 թվականն էր, 2014-ի վերջից սկսած չի աշխատում, արդյունահանում չի իրականացվում։ Վերջերս հայտնի դարձավ, որ «Լեռ-էքս»-ը սկսել է հանքավայրի փակման աշխատանքներ՝ ըստ պաշտոնական պարզաբանման հանքի աշխատանքը շահավետ չի գնահատվել։
Հուլիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր անցկացրել պղնձամոլիբդենայինում, մի քանի աշխատակիցներ բերման էին ենթարկվել։ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից «Լուրեր»-ին հայտնել են՝ ԱԱԾ-ում քննվում է քրեական գործ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների կողմից Քաջարանի համայնքապետի և այլոց օժանդակությամբ, խարդախությամբ առանձապես խոշոր չափի գույք հափշտակելու, Քաջարանի համայնքապետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև 2017-ի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններում ՀՀԿ-ի օգտին հնարավոր առավելագույն ձայներ ապահովելու նպատակով ընտրողներին կաշառք տալու դեպքերի վերաբերյալ»։
Այս գործով մեղադրյալներ են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը ներկայում կալանավորված է, նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, Քաջարանի բնակիչներ Վազգեն Ազարյանը, Շանթ Ալեքսանյանը, Նվեր Մկրտչյանը, Վահե Սողոմոնյանը, Կոմբինատի իրավաբանական պայմանագրային ծառայության պետ Արա Ղոնյանը, անվտանգության պետ Արամ Գասպարյանը։
Այս գործով մեղադրյալներ են նաև Հայկ Մերուժանի Եղիազարյանն ու Արամայիս Հարությունի Պողոսյանը։