Ինչո՞ւ է կտրուկ պակասել ու կտրուկ թանկացել հեղուկ գազը

Heghuk gaz

 Սպառողները շարունակում են ահազանգել՝ երկրում հեղուկ գազի խնդիր կա․ վառելիքը հաճախ հնարավոր չէ գտնել լցակայաններում, բացի այդ՝ գինը վերջին մի քանի ամսվա ընթացքում շուրջ 120 դրամով, կամ 50-60 տոկոսով բարձրացել է՝ 160-ից հասնելով 240-ի, մարզերում անգամ՝ մինչև 280 դրամի։ Ներկրող ընկերությունները խնդիրները միջազգային շուկայի և դոլար-դրամ փոխարժեքի հետ են կապում, մինչդեռ փորձագետները նշում են՝ տնտեսվարողները հաճախ անբարեխիղճ գործելաոճ են կիրառում․ գները բարձրացնելու օբեկտիվ պատճառներից օգտվում են և անտեսում հեղուկ վառելիքի արժեքը իջեցնելու պատճառները։

Եթե վարորդները վերջին 1-2 ամսում դժգոհում էին հեղուկ գազի ընդհուպ մինչև 50 տոկոս թանկացումից, ապա արդեն  վերջին օրերին «թանկարժեք» վառելիքը գտնելն էլ լուրջ խնդիր է դարձել։ Մայրաքաղաքում մի շարք ցանցային լցակայանների տարբեր կետերում հեղուկ գազ չկա, թեև որոշ լցակետերի աշխատողներն ասում են՝ շուտով կլինի։

Ներկայանալ չցանկացող զրուցակիցս ասում է՝ եթե նախկինում ամբողջ բաքի լիցքավորումն իր գրպանին արժենում էր 9000 դրամ, ապա հիմա ստիպված է վճարել 14000 դրամ։ Բացի այդ՝ միշտ չէ, որ կարողանում է գտնել լցակայան, որտեղ կհամաձայնեն ամբողջությամբ լիցքավորել իր 50 լիտրանոց գազաբալոնը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հեղուկ գազի թանկացումն ու դեֆիտիտը մի քանի հանգամանքով է պայմանավորում։ Հայաստան են ներկրվել մեծ քանակի հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաներ, ըստ այդմ՝ պահանջարկն է մեծացել, բացի այդ՝ վառելիքի գնի վրա ազդում է դոլար-դրամ փոխարժեքը։

«Քանի որ մենք հեղուկ վառելիք, մասնավորապես, հեղուկ գազ ներկրող երկիր ենք, դոլար-դրամ փոխարժեքը գների վրա բավականին մեծ ազդեցություն է ունենում։ Համաշխարհային շուկայում այս ընթացքում թանկացել են նաև բենզինն ու նավթը։ Դրա հետևանքով, երբ բենզինի գինն է թանկացել, դրամն է արժեզրկվել, մեծ պահանջարկ կա, հեղուկ գազի գինը կտրուկ աճել է։ Այս ամենին էլ գումարվում է տնտեսվարողների անբարեխիղճ գործելաոճը։

Տնտեսվարողները ուղղակի ավելացրին հեղուկ գազի գինը, այսինքն 10%-ով օրինակ դրամը արժեզրկվել էր, 10%-ով նրանք թանկացրեցին ամբողջ գինը, այն դեպքում երբ այդ գնի մեջ արվում էին այնպիսի ծախսեր, որոնք դրամային են, օրինակ տեղափոխման ծախսերը դրամային են, շահագործման, պահպանման ծախսերը դրամային ծախսեր են և դա դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված չեն։ Ուշագրավ է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ դրամը արժեվորվեց, հեղուկ վառելիք ներկրողների գինը չփոխվեցին։ Միջազգային շուկայում էլ հեղուկ վառելիքի գները բավականին բարձր են վերջին ամիսների ընթացքում»,– պարզաբանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հեղուկ գազ ներկրող «Գազ-Պրոպան» ընկերությունում ձայնագրվել հրաժարվեցին, բայց հայտնեցին՝ իրենք հեղուկ վառելիքը միայն Ռուսաստանից են ներկրում, իսկ ռուսական շուկայում գները բարձրացել են։ Վարորդների՝ հեղուկ գազի բացակայության մասին մտահոգություններին պատասխանում են՝ իրենց մեքենաներն արդեն 15 օր է՝ Ռուսաստանում դատարկ սպասում են․ ռուսական կողմն էլ, ըստ ներկրող ընկերության, ասում է՝ մենք էլ գազ չունենք։ «Գազ-Պրոպանի» ներկայացուցիչն ասում է՝ այս պահին էլ ռուսական կողմի հետ բանակցությունների մեջ են, բայց դեռ արդյունք չունեն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը խնդրի լուծման տարբերակների մասին խոսելիս նշում է՝ պետք է ընդյալնել ներկրման շուկան․

«Եթե պատճառաբանում են, որ այսինչ երկրից գազ չի գալիս, ապա կառավարությունն իր տնտեսական քաղաքականությամբ պետք է փորձի գտնել հեղուկ գազի ներկրման այլընտրանքային հնարավորություններ։ Այսինքն՝ մեր էներգետիկ անվտանգությունը պետք է ունենա լուծումներ նման իրավիճակների համար»։

Հեղուկ գազի ոլորտում մի քանի խոշոր տնտեսվարողներ կան, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի և գնային քաղաքականության վրա՝ արձանագրում է Պարսյանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հեղուկ գազի գնի թանկացմանն արձագանքելիս տեղեկացնում են՝ ոլորտում գործում է ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, բայց, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա, իսկ իրենք գների վերահսկողություն իրականացնում են, եթե միայն ապրանքային շուկայում կան գերիշխող դիրք ունեցողներ, կամ առկա է հակամրցակցային համաձայնություն՝ հայտնել էին հանձնաժողովից։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը այստեղ էլ վերապահումներ ունի։

«Մրցակցության հանձնաժողովը հայտարարում է, որ նորմալ է մրցակցային իրավիճակը, կարծում եմ, որ նման կերպ պարզապես արդարացնում է անբարեխիղճ տնտեսվարողների գործելաոճը, որոնք միգուցե շուկայում մեծ մասնաբաժին չունեն, բայց ունեն մեծ ազդեցություն շուկայի վրա»,-կարծում է տնտեսագետը։

Տնտեսագետը նկատում է՝ հեղուկ գազի շուկան լավ ուսումնասիրված չէ, վերջին շրջանի մտահոգիչ միտումները դուրս են պատկան կառույցների ուշադրությունից։ Իսկ դրա հետևանքով ստացվում է այնպես, որ բոլոր խնդիրների համար բառի բուն իմաստով վճարում է սպառողը։

 

hy.armradio.am

Ձեզ կհետաքրքրի...