Փաշինյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը
ԵԱՏՄ-ի շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծումը ինտեգրացիոն միության զարգացման առանցքային բաղադրիչներից է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք համոզված ենք, որ Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետևողական և թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի նորմատիվային բազայի ստեղծմանը: Էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել շատ մարտահրավերների՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բավարարված է այն նշանակալի աշխատանքով, որ իրականացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ երկրների լիազոր մարմինները՝ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հարցերում: «Հույս ունենք շարունակել կառուցողական աշխատանքը՝ հիմնված փոխըմբռնման և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի վրա»,- նշել է ՀՀ վարչապետը: