«Բայրաքթար» անօդաչու սարքերը հեշտ թիրախ են. ռուս կոնստրուկտոր. factor.am
Թուրքական հարվածային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը հեշտ թիրախ են զենիթահրթիռային համակարգերի համար։ Այս մասին Ռիա Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է ռուսական «Ալմազ-Ամտեյ» ընկերության գլխավոր կոնստրուկտոր Պավել Սոզինովը։ ««Բայրաքթարը», ընդհանուր առմամբ, զենիթահրթիռային համակարգի համար տիպային թիրախ է։ Այն մեծ թիրախ է․ ինքնաթիռը, փաստացի, 650 կգ քաշ ունի։ Այն խոցելի է, որովհետև բավական դանդաղ է թռչում»,- ասել է Սոզինովը։ Նա նշել է, որ թուրքական այս անօդաչու սարքերի հետ պետք է պայքարել միջոցներով, որոնց հեռահարությունը գերազանցում է անօդաչուի սպառազինության գործողության հեռավորությունը։ «Այսինքն՝ այն պետք է ժամանակին տեսնել և խոցել, մինչև ի վիճակի կլինի օգտագործել իր սպառազինությունը»,- ասել է Սոզինովը։ Հավելենք, որ «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը ռուսական ընկերություն է, որը ստեղծում է օդատիեզերական հարձակման միջոցների դեմ պայքարի համակարգեր։ Էմմա Չոբանյան