ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ․ ՀԱՐՈՒՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ, ԵՐԳՉՈՒՀԻ, ԵՒ ԹՇՆԱՄԻՆ ԵԿԵԼ-ՄՏԵԼ Է ՄԵՐ ՏՆԵՐԸ
Բորիս Ավագյանը հայտնել է, թե ԱԱԾ ու Գլխավոր դատախազություն է դիմել` Հայաստանում վճարի դիմաց թուրքական և ադրբեջանական գործակալների 9 հոգանոց խմբի ակտիվ գործունեության փաստով լրտեսության և հայրենիքի դավաճանության հանցակազմերով քրեական գործեր հարուցելու համար։
Ըստ նրա՝ խումբը մշակված մեթոդաբանություն է փորձում կիրառել ամենաակտիվ պետական և իրավապահ համակարգի գործիչների նկատմամբ՝ կապ հաստատելով նրանց ընտանիքի անդամների հետ և նրանց մեջ ներշնչելով վախի, կյանքի վտանգի մտավախություններ։ Օրինակ՝ փորձում է մտայնություն ձեւավորել, որ նրանց ամուսինները, եղբայրները, տղաները, որոնք պետական ու իրավապահ համակարգում են, նաև պաշտպանության նախարարությունում, չգործեն այնպես ակտիվ, ինչպես գործում են հետպատերազմյան ժամանակահատվածում։ Այս պահին թիրախավորված է 20-ից ավելի մարդ, այդ թվում և ուժային կառույցներից, պետական համակարգից։ Ինչպես նաև՝ այս մարդկանց ընտանիքի անդամների հետ տարբեր մեթոդներով են աշխատում․ ինչ-որ մեկին խոստանում են աշխատանք, մյուսին՝ ուսում, մեկ ուրիշին ահաբեկում են։ Ավագյանի փոխանցմամբ՝ արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ աշխատանքներ են իրականացվում գործակալներին հայտնաբերելու, նրանց աշխատանքի ոճն ուսումնասիրելու համար։ «Հրապարակը» Բորիս Ավագյանի հետ հարցազրույցում մի քանի այլ մանրամասների տեղեկացավ։
-Պարոն Ավագյան, այնուամենայնիվ, գործակալները ո՞ր ոլորտներից են՝ փորձագետներ, պետական կառավարման համակարգ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։
-Տարբեր։ Կարող է լինել բիզնեսմենի կերպարով, դրսից եկած ինչ-որ մի մեծահարուստ, թանկարժեք ավտոմեքենաներով, օտարերկրյա համարանիշներով, թանկ հյուրանոցում ապրելով։ Սա մի ոճի գործակալ է, որն աշխատում է այն խմբի հետ, որի վրա իր այդ կերպարը կարող է ազդեցություն թողնել։ Նրանց մեջ կան երգչուհիներ, որոնք աշխատում են երիտասարդ կամ տարեց տղամարդկանց հետ՝ օգտագործելով կանացի հմայքն ու սեռական ցանկությունները։ Կարող են լինել մեթոդաբաններ, որոնք լավ տիրապետում են հիպնոսի մեթոդաբանությանը՝ փաստերը կեղծելու կամ իրենց համար անհրաժեշտ լույսի ներքո ներկայացնելու միջոցով։ Գործում են նաև արտաքին «նառուժկայի» մասնագետներ, որոնք որ հետևում են մարդկանց, նկարահանում են և հետո այդ նկարահանումները ներկայացնում են այնպես, որ օբյեկտը հավատա, որ այդ նկարի վրա այն հանգամանքներն են, որն ուզում են նրան ներշնչել։ Շատ լուրջ մասնագիտական փորձառու խմբեր են։ Մենք գիտենք, որ այս ամենը ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներն են, որոնց այդ մեթոդաբանությունը սովորեցրել է թուրքական հետախուզությունը։ Եվ հիմա դա օգտագործում են մեր հանրապետության տարածքում՝ մեր պետականությունը քայքայելու համար։
-Իսկ ԱԱԾ-ում Ձեզ հետ խոսեցի՞ն, անհանգստացա՞ն, մտահոգվեցի՞ն։
-Լուրջ մտահոգություն կա բոլոր մարմիններում, և ես կարծում եմ, որ շուտափույթ կերպով կհարուցվի քրեական գործ և վարույթ կընդունվի քննչական մարմնի կողմից, քանի որ շատ արագ գործողություններ են հարկավոր դրա դեմն առնելու ու լրտեսներին ջրի երես հանելու համար։ Ինչու, որովհետև թշնամին,ինչպես տեսնում ենք, եկել-մտել է մեր տները։
— Մի ռուս գեներալի հայտնի խոսք կա․ նա քննիչ հանձնաժողովի ղեկավար ընտրվելով՝ ցինիկաբար նկատել էր՝ կարևորը, не выйти на самих себя։ Չունե՞ք մտավախություն, որ ինչ-որ մի օղակում նախաքննությունը տեղից չի շարժվի՝ հասնելով հենց իշխանական ինչ-ինչ շրջանակների։
-Մենք համագործակցում ենք ՌԴ իրավապահ մարմինների հետ, և հավաստիացնում եմ, որ մեր ուժային կառույցների ղեկավարներն անհրաժեշտ գործողությունները կանեն։ Համոզված եմ՝ և՛ ԱԱԾ-ն, և՛ Գլխավոր դատախազությունը։ Եվ լինելու է միջպետական համագործակցություն, որովհետև գործակալական այդ խմբերի կուրատորներից շատերը գտնվում են արտասահմանում։ Եվ կլինի համագործակցություն ռուս իրավապահների հետ, քանի որ նրանց մոտ շատ հնարավորություններ կան, որոնք մեզ մոտ չկան։ Եվ պետք է մեր ռուս գործընկերների հետ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնենք, որ բոլորն ի հայտ գան, և նաև քննության ընթացքում պարզվի, թե ով ինչ դեր է կատարում։
-Կարո՞ղ եք ասել՝ Ձեզ այդ մասին ինչպե՞ս է հայտնի դարձել։
-Օպերատիվ ինֆորմացիա է։
-Տեսագրություններ, դեմքեր, Դուք այդ մարդկանց ճանաչու՞մ եք։
-Արդեն շատերին ճանաչում եմ՝ 3 և ավելի ամիս այդ իրադարձություններով զբաղվելով, հետազոտելով և վերլուծելով։
-Իսկ տուժողներ լինելու՞ են։
-Այո, անպայման։
-Լրատվական դաշտը հիբրիդային և լրտեսական պատերազմների ամենահզոր գործիքներից է։ Լրագրողների շրջանում և՞ս կան նման սուբյեկտներ։
-Իհարկե կան և գործում են՝ վարկաբեկելով անձանց, որոնք նրանց խանգարում են։
«Հրապարակ օրաթերթ»