ՀՀ-ում առաջին անգամ պետական աջակցությամբ իրականացվում է շենքերի ջերմաարդիականացման ծրագիր
Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում առաջին անգամ իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ Այս ամենն իրականացվում է պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, որի շրջանակում պետությունը 55-70 տոկոս համամասնությամբ համաֆինանսավորում է իրականացնում։
«Արմենպրես»-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի հետ խոսել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի, ինչպես նաև դրա շրջանակում բազմաբնակարան շենքերում էներգիայի սպառման նվազեցման, ժամանակավոր աշխատատեղերի ավելացման, շենքերի պահպանման և այլնի մասին։
Ծրագրի հիմնական նպատակը՝ ջերմոցային գազերի նվազեցում
«Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։ Ծրագրի հիմնական նպատակը եղել է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի բնապահպանական խնդիր։ Պատճառն այն է, որ Հայաստանը որպես էներգիա ներկրող և ոչ արտահանող երկիր շահագրգռված է իր էներգետիկ անկախության համար։ Մենք ուսումնասիրել ենք, թե որտեղ է սպառվում էներգիան և որտեղից են հիմնական արտանետումները ու պարզել, որ ամենախոշոր սպառողները Հայաստանում շենքերն են՝ բնակարանային սեկտորը։ Այսպիսով մենք կկարողանանք երկակի խնդիր լուծել՝ կնվազեցնենք վառելիքի օգտագործումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները և կլուծենք նաև սոցիալական խնդիր»,- նշեց Հարությունյանը։
ՄԱԶԾ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության արդյունքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցառումները 2020 թվականին առաջին անգամ ներառվել են պետական սուբվենցիոն ծրագրով հասանելի միջոցառումների ցանկում։
«Առաջին տարում ՀՀ 14 համայնքից ստացվել է 125 շենքի ջերմաարդիականացման հայտ, որից հաստատվել է 110-ը։ Ներկայում, Վեդիում, Սպիտակում, Քաջարանում, Դիլիջանում, Բերդում, Ախթալայում, Ստեփանավանում, Տաշիրում, Իջևանում և Աշտարակում իրականացման տարբեր փուլերում են գտնվում 55 բազմաբնակարան շենք։ Շուտով կսկսվեն ջերմաարդիականացման աշխատանքները ևս 29 շենքերում, որոնց հայտերը հաստատվել էին նախորդ տարի, սակայն ֆինանսավորումը կիրականացվի արդեն նոր համամասնությամբ։
«Ջերմաարդիականացումն իրականացվում է հիմնականում այն շենքերում, որոնք ի սկզբանե վատ ջերմամեկուսացում են ունեցել, կառուցվել են առանց հաշվի առնելու էներգիայի կորուստները»,- նշեց Հարությունյանը։
Ջերմաարդիականացումն իրականացվում է մասնակի և ամբողջական
«Մասնակի ջերմաարդիականացման դեպքում ջերմամեկուսացվում է շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքներում (շենքերի մուտքերում և նկուղում – հեղ․) տեղադրվում են էներգաարդյունավետ դռներ և պատուհաններ, փոխվում է լուսավորության համակարգը։ Ամբողջական ջերմաարդիականացման պարագայում այս ամենի հետ մեկտեղ կատարվում է նաև շենքի արտաքին պատերի, ինչպես նաև նկուղի ջերմամեկուսացումը»,- ասաց Դիանա Հարությունյանը։
Ջերմաարդիականացման շնորհիվ լուծվում են մի շարք խնդիրներ
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողի խոսքով՝ բազմաբնակարան շենքերում, ջերմաարդիականացման շնորհիվ 50 տոկոսով նվազում են ջեռուցման ծախսերը, կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները։
«Այդ ամենի հետ մեկտեղ, 15-20 տոկոսով բարձրանում է բնակարանների շուկայական արժեքը և շենքերն ավելի գրավիչ են դառնում։ Ստեղծվում են նաև ժամանակավոր աշխատատեղեր ու ակտիվանում է շինանյութի շուկան»,- ընդգծեց Հարությունյանը։
Ջերմաարդիականացման հետ մեկտեղ, շենքերը գունավորվում են ու ավելանում է դրանց գրավչությունը թաղամասերի ընդհանուր ֆոնին։
Նման համամասնությամբ պետության համաֆինանսավորումը զգալի նվազեցրել է համայնքների բեռը
Ծրագրի համակարգողը նշեց, որ ի սկզբանե ծրագիրը պետք է իրականացվեր պետության կողմից ներգրավված վարկային միջոցներով ։
«Բանակցային գործընթացի ժամանակ նման պատրաստակամություն հայտնեց Եվրոպական ներդրումային բանկը (EIB): Ծրագրի սկսվելուց հետո, վարկային միջոցներն օգտագործելու ուղղությունը փոխվեց։ Սակայն պետությունը կարևորելով խնդիրը որոշեց սուբվենցիոն ծրագրի շրջանակում իր միջոցներով աջակցել այս խնդրին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ այս ծրագրին պետության մասնակցությունը և համայնքային նախաձեռնությունը շատ արդյունավետ էր, քանի որ դրա շնորհիվ կազմակերպչական հարցն էլ հեշտ է իրականացվել։
Ներկայում պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում համաֆինանսավորումն իրականացվում է հետևյալ կերպ՝ 55-70 տոկոսը տրամադրում է պետությունը, 25 տոկոսը՝ ՄԱԶԾ-ն, իսկ մնացած մասը՝ համայնքը։
«Պետությունը նման համամասնությամբ համաֆինանսավորումն իրականացնում է՝ կարևորելով բազմաբնակարան շենքերում ապրող բնակիչների սոցիալական կարիքները։ Սուբվենցիոն մասնաբաժնի չափը կախված է համայնքների տեղակայումից, օրինակ՝ Երևանից ավելի քան 100 կմ հեռավորության վրա է գտնվում կամ սահմանամերձ համայնք է և այլն։ Նման համամասնությամբ իրականացվող 55 շենքի ջերմաարդիականացման աշխատանքները մոտենում են ավարտին։ 2020 թվականի պետական սուբվենցիոն ծրագրով հաստատված մյուս բազմաբնակարան շենքերը, դեռ «սպասում են» իրենց ջերմաարդիականացմանը։ Այստեղ պետությունն որոշել է փոփոխություններ կատարել։ Առաջարկվում է մոտ 30 շենքի համաֆինանսավորումն իրականացնել՝ նոր համամասնությամբ, չնայած, որ դրանց հայտերը ևս հաստատվել էին նախկին համամասնությամբ դեռևս 2020թ.։ Դրանցից 29-ի աշխատանքները կսկսվեն այս տարի և ավարտին կհասցվեն 2022 թվականին»,- ասաց Դիանա Հարությունյանը և հավելեց, որ պետության նոր առաջարկի պարագայում մեծ բեռ կընկնի համայնքի վրա և ռիսկեր կան, որ շենքերի ջերմաարդիականացման ծրագրին տրամադրված բնապահպանական դրամաշնորհային 14 մլն դոլարի միջոցների իրացումը կվտանգվի ու Ծրագիրը հնարավոր չի լինի իրականացնել նախանշված ծավալով։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Լիլիթ Դեմուրյան