Չվերթներ դեպի ԵՄ երկրներ շարունակում են իրականացվել․ Քաղավիացիայի կոմիտե
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Սերբիան ու ևս մի քանի պետություններ հեռացնել այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիները կարող են ճամփորդել միության անդամ երկրներում առանց հավելյալ սահմանափակումների, որոնք կապված են կորոնավիրուսի հետ։ Որոշման վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի կենտրոնից Factor.am-ին հայտնեցին, որ այս պահին չվերթներ դեպի ԵՄ երկրներ իրականացվում են, սակայն չգիտեն՝ Եվրոպական միության երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար սահմանափակումներ կա՞ն, թե՝ ոչ։ «Չգիտենք, թե քաղաքացիների մուտքի ու ելքի կանոններում ինչպիսի փոփոխություններ կլինեն։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում չգիտեն, թե ինչ զարգացում կլինի»,- ասացին Քաղավիացիայի կոմիտեից։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն էլ մեզ հայտնեց, որ սահմանափակումների վերաբերյալ կան նոր փոփոխություններ, որոնց վերաբերյալ քիչ անց պաշտոնական հրապարակում կլինի։ Արփի Հակոբյան