«Դրսից ընդհանրապես գերեզմանի տեսք չի ունենալու». Հայաստանում դիակիզարան է կառուցվում

Diakizaran

 Հայաստանում դիակիզարան է կառուցվում: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Բնակչության հատուկ սպասարկում ՀԱՈԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանից, որն անմիջական մասնակցություն ունի դրա կառուցման գործում:

«Դրսից ընդհանրապես գերեզմանի տեսք չի ունենալու, այգու տեսք է ունենալու: Լինելու է ծառաշատ ու գազոնապատ տարածք, ամբողջովին լուսավորված եւ մաքուր: Մեր՝ հայերիս, պատկերացրած գերեզմանատունն այլ է, եւ այն, որ հիմա ուզում ենք կառուցել, լրիվ այլ բան է: Մուտք գործելով գերեզմանատուն՝ գերեզմանատան նշույլ անգամ չես զգալու: Դամբարնատիպ գերեզմանների համար եւս տեղ է հատկացվելու»,- ասաց նա: Վերջինս նաեւ հայտնեց, որ մասնավորի այս նախաձեռնությամբ 150-200 նոր աշխատատեղ է բացվելու: Իսկանդարյանը հայտնեց, որ ներդրողների մի մասը Հայաստանից են, մի մասն էլ ԱՄՆ-ից:

Դիակիզարանը կառուցվելու է Երեւանից դուրս: Իսկանդարյանը, սակայն, նկատեց՝ հստակ տեղը նշելը նպատակահարմար չի համարում, կարող է խանգարել տարվող աշխատանքներին:

«Այս պահին բյուրոկրատական աշխատանքների մեջ ենք: Կարծում եմ՝ գիտեք, որ այդ ամենը Հայաստանում բավականին բարդ է ընթանում: Առաջիկայում դրանք ավարտելուց անմիջապես հետո աշխատանքները կսկսենք, եւ Հայաստանը կունենա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան գերեզմանատուն եւ դիակիզարան՝ իր ամբողջ ատրիբուտիկայով»,- ասաց Արման Իսկանդարյանը:

Վերջինս վստահեցրեց՝ տարածաշրջանում նման պրոյեկտ չկա՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում ու Ադրբեջանում եւ ո՛չ էլ Ռուսաստանում:

«Կորոնավիրուսը ցույց տվեց, որ նման իրավիճակներում մենք հանգուցյալին հուղարկավորելու շատ մեծ խնդրի առաջ ենք կանգնում: Բացի դա, Երեւանի հողատարածքներից 531 հեկտարը հիմա որպես գերեզմանատուն է գրանցված, ինչը, օրինակ, 2 անգամ ավելի շատ է մայրաքաղաքի կանաչապատ տարածքներից: Չգրանցվածների մասին նույնիսկ մտածելն է վախենալու: Ընդհանրապես գերեզմանը մեր նման փոքր երկրի համար մեծ խնդիր է: Մենք մեր հողերը նորմալ չենք օգտագործում»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ, երբ Արման Իսկանդարյանը Բնակչության հատուկ սպասարկում ՀԱՈԿ-ի նախկին տնօրեն էր, քանիցս անդրադարձել է դիակիզարանների հարցին, ընդգծել Հայաստանում դրանց անհրաժեշտությունը:

Այսօր արդեն ասաց, որ այդ ժամանակ պլանավորված աշխատանքները հետաձգվել են նոր կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով: «2020 թվականի վերջից արդեն բյուրոկրատական քաշքշուկների մեջ ենք, բայց հուսով ենք՝ շուտով այդ գործընթացը կավարտվի: Օրենքը հստակ չափորոշիչներ ունի, թե ինչպիսին պիտի լինի մասնավոր գերեզմանատունը, եւ մենք բոլոր չափանշիներին համապատասխանում ենք»,- ասաց նա:

Համայնքից արդեն թույլտվություն ունեն, սպասում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանին, որն էլ, Իսկանդարյանի խոսքով, եւս 12 գերատեսչությունների հետ պիտի համաձայնեցնի, որպեսզի աշխատանքները լիարժեք կերպով ընթանան: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ի դեպ, դեռեւս 2019 թվականին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը եւս խոսել էր դիակիզարաններ ունենալու թեմայով, ասել, որ 2020 թվականին նախատեսվում է 2 դիակիզարան կառուցել:

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն ասաց, որ իրենք տեղյակ չեն նման նախաձեռնության մասին: Եթե կառուցվի էլ, մասնավոր կազմակերպություն պիտի անի. նախարարության գործառույթը չէ դիակիզարան կառուցելը:

 

Ձեզ կհետաքրքրի...