Թուրք վերլուծաբան. «Ադրբեջան-Իսրայել․ նեղ, բայց խորը հարաբերություններ»
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․ Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թթ․ Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Հետազոտական այս տվյալները տեղ են գտել թուրք վերլուծաբան Էսմա Օզդաշլըի «Ադրբեջան-Իսրայել․ նեղ, բայց խորը հարաբերություններ» հոդվածում, որտեղ Օզդաշլըն դիտարկման է առել երկու երկրների ռազմական համագործակցությունը։
Թուրք վերլուծաբանն ընդգծել է, որ Ադրբեջանն անկախության առաջին իսկ տարիներից հեշտությամբ է ռազմամթերք ձեռք բերել Իսրայելից։ Անգամ ըստ որոշ լարտավամիջոցների պնդման՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ Իսրայելն Ադրբեջանին ուղարկել է այնպիսի զենքեր, ինչպիսիք են օրինակ «Stinger» հրթիռները։
Հոդվածում նաև նշվում է, որ ռազմական ոլորոտում Իսրայել-Ադրբեջան համագործակցության զարգացման համար մեծ խթան է եղել 1999թ․ Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի և Իսրայելի պաշտպանության փոխնախարար Էֆրաիմ Սնեհի հանդիպումը։ Շեշտվել է, որ երկկողմ համագործակցության ամենաուշագրավ դրվագը եղել է 2012թ․ 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համաձայնագրի ստորագրումը։
Նշենք, որ Ադրբեջանի բանակի զինանոցում առկա են իսրայելական արտադրության LORA բալիստիկ հրթիռներ, Aerostar, Orbiter 3, Hermes 450, Heron TP, Hermes 900 տեսակի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև Orbiter 1K, Skystriker տեսակի «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր։
ermenihaber.am