«Հարսնաքար»-ի գործով 30-ամյա տղամարդուն մեղադրանք են առաջադրել ու կալանավորել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված՝ Երևանի 30-ամյա բնակչի վերաբերյալ մասի նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, 2016թ. հունվարի 20-ից մինչև նույն թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում փաստացի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրով ստացել է ընդհանուրը՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, 39.030.000 ՀՀ դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց «Նորալուսին» ՍՊ ընկերության սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ՍՊ ընկերություն հիմնադրելու համար, իսկ մնացած գումարով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:
Հայր և որդի Հայրապետյանները, տեղեկանալով կատարվածի մասին, նպատակադրվել են նշված վարկային գումարները մարել ընկերության տնօրենի և նրա ընտանիքի անդամների միջոցներով, այդ թվում՝ իրենց պատկանող ՍՊ ընկերության համար ծախսված վարկային միջոցների վճարման պարտավորությունը նրա և ընտանիքի անդամների վրա դնել և այդ կերպ, շահադիտական դրդումներով, իրենց գույքն ուրիշի հաշվին անհատույց ավելացնելով, գույքային օգուտ ստանալ՝ իրենց նպատակին հասնելու համար ներգրավելով կրտսեր Հայրապետյանի ընկերներին:
30-ամյա տղամարդը և Ռաֆիկ Հայրապետյանի մյուս ընկերները, Հայրապետյաններից ստանալով ՍՊ ընկերության տնօրենից 57.500.000 ՀՀ դրամ գումարը ցանկացած տարբերակով վերցնելու հանձնարարություն, ինքնիրավչության եղանակով այն ստանալու նպատակով, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, իր կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են նրան և տևական ժամանակ պարբերաբար նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքներով, դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, հարկադրել են նրան և ընտանիքի անդամներին վերադարձնել նշված գումարը:
Արդյունքում Հայրապետյանների օգտին փոխանցվել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, տնօրենի տատին պատկանող առանձնատունը, նրա ընտանիքին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ընդհանուր 4 253 450 ՀՀ դրամի տարբեր արժողության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: