«Իրանական մեդիա դաշտում միտք է շրջանառվում, որ ի պատասխան Բաքվի գործողությունների՝ Իրանն էլ պետք է փակի Բաքվից Նախիջևան ճանապարհը». իրանագետ civic am

iranaget

Ադրբեջանցիները, Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական հենակետեր տեղադրելուց և իրանական մեքենաները կանգնեցնելուց և գումարներ գանձելուց զատ, ձերբակալեցին նաև երկու իրանցի վարորդի՝ պատճառաբանելով, թե վերջիններս առանց իրենց թույլտվության մուտք են գործել Արցախ։ Արդյոք այս գործողությունները ուղղված են միայն Հայաստանի՞ դեմ, թե՞ ադրբեջանական կողմը այսպիսով ճնշումներ է կիրառում նաև Իրանի նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցեց իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։   

— Տիկին Վարդանյան, ադրբեջանական կողմը օրեր առաջ ձերբակալեց իրանցի երկու վարորդի՝ պատճառաբանելով, որ վերջիններս առանց Ադրբեջանից թույլտվություն ունենալու մուտք են գործել Արցախ։ Արդյոք այս գործողությունները ուղղված են Հայաստանի՞ դեմ, թե՞ նաև կամ՝ միայն Իրանի։ 

— Իմ կարծիքով՝ այս գործողությունները երկու բաղադրիչ ունեն՝ ուղղված են թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի դեմ։ Նախևառաջ, իհարկե, ուղղված են Հայաստանի դեմ։ Սա Հայաստանին ևս մեկ անգամ ճնշելու, ցույց տալու միջոց է, որ Հայաստանը կախված է Ադրբեջանից։ Խնդրի մյուս կողմը կապված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացել ստիպելու հետ։ Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական միջոցն է։ Մյուս կողմից՝ կա մեկ այլ խնդիր ևս։ Դա ադրբեջանական բեռնատարների՝ Արցախ մուտքի և ելքի հարցն է։ Մենք գիտենք, որ նախքան այս անցակետի տեղադրումը ադրբեջանական մամուլում շատ մեծ քարոզչական արշավ էր գնում թե՛ հակաիրանական, թե՛ հակառուսական՝ պայմանավորված իրանական բեռնատարներով Արցախ վառելիք տեղափոխելու հարցի հետ։ Իրանը թիրախավորվում էր, թե ինչու է թույլ տալիս, որ իր բեռնատարները մեկնեն Արցախ առանց, այսպես ասած, Ադրբեջանի թույլտվության, և մյուս կողմից՝ թիրախավորվում էր նաև Ռուսաստանը, այն համատեքստում, որ դա խաղաղապահների թերացման արդյունքն է։ Այսինքն՝ այս գործողությունները միջոց են, որպեսզի  հնարավորինս կանխեն իրանական բեռնատարների՝ Արցախ մուտքը և այնպես անեն, որ եթե մուտք էլ գործեն, ապա թույլտվություն վերցնեն իրենցից՝ ցույց տալու համար, որ Արցախի մնացյալ հատվածն էլ իրենց է պատկանում։ Իմ կարծիքով՝ սա Բաքվի հեռահար նպատակներից մեկն է։ Խնդրի մյուս բաղադրիչը, որ կապված է Իրանի հետ, կապված է այլընտրանքային ճանապարհների հետ։ Քանի որ մենք գիտենք՝ Հայաստանի սահմանը Իրանի համար այլընտրանքային ճանապարհ է դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան։ Եթե չկա Հայաստանի տարածքը, Իրանը, օրինակ, Եվրոպա հասնելու համար պետք է օգտագործի Թուրքիայի տարածքը, որը Իրանի համար դեպի Եվրոպա հասնելու հիմնական ճանապարհն է, բայց Հայաստանն էլ այլընտրանքայինն է։ Քանի որ Իրանի համար շատ կարևոր է Թուրքիային և Ադրբեջանին այլընտրանք հանդիսացող ճանապարհ ունենալը, որը Հայաստանն է, Ադրբեջանը, այս ճանապարհները փակելով, խոչընդոտներ ստեղծելով, փորձում է Իրանին կախվածության մեջ դնել։   

— Բայց արդյոք Ադրբեջանը չի՞ հասկանում, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և հենց որ Տաթև-Աղվանի ճանապարհը պատրաստ լինի, Իրանը նորից կունենա այլընտրանք։  

— Մենք չենք կարող ասել, թե հետագայում ինչ կլինի, կամ որքան կտևի այդ այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Մյուս կողմից՝ այլընտրանքային ճանապարհի հարցը ևս խնդրահարույց է՝ արդյոք իրանական մեծ բեռնատարները կկարողանա՞ն անցնել այդ ճանապարհով, քանի որ, շատ դեպքերում, իրանական բեռնատարները խուսափում էին Հայաստանի տարածքն օգտագործելուց՝ ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով։ Հենց ներկայիս Գորիս-Կապան ճանապարհը ձմեռային եղանակներին ավելի դժվարանցանելի էր դառնում, և իրանական կողմից բազմաթիվ դժգոհություններ են հնչել՝ ճանապարհների դժվարանցանելի լինելու, լեռնային տեղանքի հետ կապված։ Լավագույն լուծումը Հյուսիս-հարավ   ճանապարհի կառուցումն է, որը պետք է արվի հնարավորինս արագ, սակայն, ինչքան հետևել եմ մասնագետների գնահատականներին, այն առնվազն 5-6 տարի տևելու է։

— Տիկին Վարդանյան, իսրայելական որոշ ԶԼՄ-ներ պնդում են են, որ Իրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալուն, և, ըստ որոշ վերլուծաբանների, Ադրբեջանի այս քայլերը նաև իսրայելա-թուրքական և իսրայելա-ադրբեջանական քայլեր են և ուղղված են Իրանի դեմ։   

— Իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում այդ լարվածությունը նկատվում է։ Համենայնդեպս, ադրբեջանական մամուլում գնում է շատ ուժեղ հակաիրանական քարոզարշավ։ Այդ քարոզի ակտիվացումը կարծում եմ, պայմանավորված է թե՛ Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ազդեցության ավելացմամբ, թե՛ Իրանի նկատմամբ այն դժգոհությունների հետ, որ առկա են պատերազմից հետո՝ հայ-իրանական սահմանի հետ կապված իրանական հայտարարությունների հետ, ըստ որոնց՝ Հայաստանի սահմանները Իրանի համար կարմիր գիծ են։ Իրանը դեմ է նաև «Զանգեզուրի միջանցքին», որը իրենց ձեռնտու չէ։ Եթե նույնիսկ միջանցք էլ չլինի, այլ լինի սովորական ճանապարհ, դա ձեռնտու չէ Իրանին, որովհետև հիմա Ադրբեջանի և Նախիջևանի կապը իրականացվում է Իրանի տարածքով, և ստացվում է, որ Իրանը կկորցնի իր ազդեցության լծակը, որն ուներ Ադրբեջանի նկատմամբ։ Հենց այս ընթացքում իրանական մեդիա դաշտում միտք է շրջանառվում, որ ի պատասխան Բաքվի գործողությունների՝ Իրանն էլ պետք է փակի Բաքվից Նախիջևան ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիները «խելքի գան», «դաս քաղեն» և  իրանցիների համար խոչընդոտներ չստեղծեն։  Վերադառնալով միջուկային խնդրին՝ Բաքվի  և Թուրքիայի մտահոգությունը կարող է լինել այն, որ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են հաջող ընթացք ունենալ, և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեն, որի պայմաններում տարածաշրջանում կունենանք լրիվ այլ Իրան։ Իրանը ավելի ազատ կդառնա, տնտեսական ակտիվությունը կաճի, նաև՝ որոշակի այն կախվածությունը, որն ուներ որոշ երկրներից, կնվազի, և կունենանք տնտեսապես ավելի հզոր Իրան, ինչը բնականաբար  ձեռնտու չէ իր՝ տարածաշրջանային մրցակից Թուրքիային։ 

— Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի գործողությունները արվում են նաև Թուրքիայի դրդմամբ և պայքարի գործիք են տարածաշրջանային ազդեցության համար։

— Այո, մենք գիտենք, որ Իրանը միշտ էլ փորձել է տարածաշրջանում մեծացնել իր ազդեցությունը և հենց նաև Ադրբեջանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը այստեղ շատ ջանքեր է գործադրել իր ազդեցությունը տարբեր գործիքներով տարածելու համար՝ կրոնական, տնտեսական։ Բնականաբար, Թուրքիայի ազդեցությունը Իրանում դիտարկվում է որպես իրենց շուրջ օղակը սեղմելու քաղաքականություն, Իրանին տարածաշրջանային մեգանախագծերից  դուրս թողնելու, իր տարանցիկ նշանակությունը նվազեցնելու քաղաքականություն, ուստի, այո, դա նաև տարածաշրջանում ուժերի բաշխման մրցապայքար է։ 

— Հնարավո՞ր է, որ Իրանի նկատմամբ սանկցիաները չվերացվեն, միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել չհաջողվի։

— Արդեն մի քանի ամիս է, որ բանակցությունները սառեցված են, բայց արդեն կան որոշ ազդակներ, որ դրանք շուտով կվերսկսվեն։ Հիմնական մտահոգությունը, որ հնչում է բանակցությունների հաջող պսակման հետ կապված, այն է, որ Իրանում իշխանության են եկել պահպանողական հայացքներ ունեցող գործիչներ, որոնք ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն։ Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ նույն՝ Իրանի պահպանողական իշխանությունը չի գիտակցում պատժամիջոցների վերացման կարևորությունը։ Որքան էլ որ կոշտ հռետորաբանությամբ են հանդես գալիս, միևնույն է, նրանք պատրաստ են զիջումների։ Դրա վառ օրինակը   ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն  Ռաֆայել Գրոսսիի՝ օրերս Իրան կատարած այցն էր։ Իրանի նոր իշխանության հետ նրանք համաձայնության եկան, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկների նկատմամբ հասանելիություն ունենա։ Սա ցույց է տալիս, որ Իրանի նոր իշխանությունները պատրաստ են զիջումների, և բոլոր հույսերը չեն կորել, որ բանակցությունները կարող են հաջողություն ունենալ։
 
Վովա Հակոբյան

 

civic.am

Ձեզ կհետաքրքրի...