Եվրոպայում կցուցադրվի Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը» մերկացնող ֆիլմը
Այսօրվանից եվրոպական հեռուստաալիքները կցուցադրեն վավերագրական ֆիլմ, որը հիմնված է Եվրոպայում Իլհամ Ալիևի «խավիարային դիվանագիտության» մասին լրագրողական հետաքննության վրա՝ տեղեկացնում է Infoteka24-ը:
«Կոռուպցիոն սկանդալ Եվրոպայի սրտում» ֆիլմում «Եվրոպական կայունության նախաձեռնություն» գերմանական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Ջերալդ Կնաուսը փաստերով ներկայացնում է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները իրենց շահերը պաշտպանելու համար կաշառում եվրոպացի քաղաքական գործիչներին, փորձում են իրենց հանցավոր կերպարը թաքցնել միջազգային սպորտային միջոցառումներով, հրավիրում են շոու բիզնեսի աստղերին, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Լեդի Գագան, Սթինգը և այլն:
Ի դեպ, մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ՝ Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լուկա Վոլոնտեն, Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարին Շտրենցը, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, արդեն դատապարտվել են նման հանցագործության մեղադրանքով:
Ֆիլմում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատմության միջոցով բացահայտվում է մարդու իրավունքների վիճակը Կասպից ծովի ավտորիտար ռեժիմներում, ինչպես նաև ներկայացնում են Իսմայիլովային, որը բանտարկվել է Ադրբեջանում ռեժիմի կոռուպցիայի, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի կողմից երկրի հարստությունները զավթելու մասին բացահայտումների համար:
«Խավիարային դիվանագիտության» գագաթնակետն այն էր, որ Ադրբեջանին հաջողվեց «խեղդել» Եվրոպայի խորհուրդը. մարմին, որը պատասխանատու է մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համար և զեկույցներ է ներկայացնում տվյալ երկրում քաղբանտարկյալների մասին: