Մարդիկ Ավելի Հակված Են Հավատալու Տեսանյութերի Միջոցով Մատուցվող Կեղծ Լուրերին

Keghc lurer

  Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ տեսանյութերի միջոցով տարածվող կեղծ լուրերին ավելի հակված են հավատալու, քան նույնաբովանդակ տեքստային կամ աուդիո նորություններին։ Բացի այդ, այդօրինակ տեսանյութերն ունենում են անհամեմատ ավելի շատ տարածում (share)։ Ըստ հետազոտողների՝ մարդիկ ավելի շատ հավատում են նրան, ինչ տեսնում են, քան իրենց կարդացածին կամ լսածին:

Կեղծ լուրերը չափազանց վնասակար ազդեցություն են ունենում ոչ միայն մտքի ու բանականության, այլև՝ մարդկանց ճակատագրերի վրա: Օրինակ, երեխաների առևանգման և նրանց օրգանների վաճառքի մասին կեղծ լուրերը, որոնք տարածվել էին WhatsApp հավելվածի միջոցով, հանգեցրին նրան, որ 2018 թվականի հուլիսին Հնդկաստանում մի խումբ մարդիկ ծեծելով սպանեցին հինգ անմեղ ճանապարհորդների։ Սոցիալական ցանցերի միջոցով ապատեղեկատվության տարածումն իրեն առավել զգացնել տվեց հատկապես կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

Ուստի, մարդկանց վրա համացանցում տարածվող կեղծ բովանդակությամբ նյութերի ազդեցությունների ուսումնասիրությունը, հատկապես այժմ, չափազանց կարևոր է։ Նման ուսումնասիրություն են անցկացրել ԱՄՆ Փենսիլվանիայի, Միչիգանի և Նյու Ջերսիի համալսարանների գիտնականները:

Գիտնականները Հնդկաստանում երեք փորձ են կատարել տեղի բնակիչների հետ, որոնց մատուցել են կեղծ տեղեկատվություն՝ տարբեր ձևաչափերով՝ տեսանյութ, աուդիո և տեքստ: Պարզվել է, որ փորձի մասնակիցների մոտ 58 տոկոսը հավատացել է այն տեղեկատվությանը, որը մատուցվել է վիդեո տարբերակով։ Վերջին երկու տարբերակների դեպքում ապատեղեկատվությանը հավատացողները կազմել են 48 տոկոս:

Ըստ գիտնականների՝ մարդը, սկզբունքորեն, իր տեսածը համարում է ավելի իրական, քան այն, ինչի մասին լսել է կամ կարդացել։ Ի վերջո, այն, ինչը տեսնում եք ձեր աչքերով, իսկապես ակնհայտ է թվում, քանի որ տեսանյութ դիտելիս անհրաժեշտ չէ օգտագործել երևակայությունը և կատարել լրացուցիչ կոգնիտիվ աշխատանք: Նույնը գործում է նաև սոցիալական ցանցերում, այդ պատճառով էլ մարդիկ ավելի հաճախ միմյանց կեղծ տեսանյութեր են ուղարկում վիդեո ձևաչափով, քան ձայնային կամ տեքստային:

Հոդվածը հրապարակվել է Computer-Mediated Communication ամսագրում:

 

 

 

ita.am

Ձեզ կհետաքրքրի...