Էրդողանը կկորցնի իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ. Քեմալ Քըլըչդարօղլու

qlqljk

  Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը՝ հայտնում է Ermenihaber-ը։

Նա հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները ընտրական օրենքներում կնախաձեռնեն փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։

«Էրդողանն իր իշխանությունը շարունակական դարձնելու համար սկսել է ընտրական օրենքների հետ խաղալ։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ընտրական օրենքների հետ խաղացող իշխանությունն անցողիկ է»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Նա պնդել է, որ Էրդողանը չի կարողանում ճիշտ սահմանել իր առաջնահերթությունները, փակվել է պալատում, կտրվել է թուրքական իրականությունից և այժմ մտածում է, թե ինչպես պահպանի իր գոյությունն այդ պալատում։

«Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կարվեն օրենքներում՝ Էրդողանը հեռանալու է։ Հասարակությունը նրան էլ չի ուզում։ Առաջին իսկ ընտրության ժամանակ տեղի կունենա իշխանափոխություն»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։

Նշենք, որ Թուրքիայում առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2023 թ․ հունիսին։ Նախագահ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու։

Ձեզ կհետաքրքրի...