Սուքիասյանների ավիաընկերությունը դիմել է քաղավիացիային՝ թռիչքների իրավունք ստանալու համար
Մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերությունն արդեն հաջորդ օրը՝ մարտի 19-ին, դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ այս վկայականն է այն փաստաթուղթը, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն փոխադրումներով: Այսինքն՝ քանի դեռ տվյալ ընկերությունը չունի ՕՇՎ, նա չի կարող կանոնավոր կամ ոչ կանոնավոր (չարտերային) առեւտրային թռիչքներ իրականացնել:
ՔԱԿ-ից «Հետքը» տեղեկացել է, որ ավիաընկերության ՕՇՎ ստանալու հայտը եւ դրան կից փաստաթղթերը ներկայում գտնվում են կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրման եւ քննարկման փուլում:
«Ֆլայուան Արմենիայի» մասին «Հետքն» արդեն գրել է: Սա ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի եւ մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է:
ՍՊԸ-ի ավելի քան 50 %-ը, ինչպես պահանջում է «Ավիացիայի մասին» օրենքը, պատկանում է ՀՀ քաղաքացիների, սակայն Սուքիասյաններն անվանապես ներկայացված չեն ընկերությունում: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է երեւանցիներ Արմեն Սիրունյանի (24,5 %), Հակոբ Ալեքսանյանի (24,5 %) եւ Լարիսայի Սահակովայի (5 %) անուններով:
Մնացած 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը, որը հիմնադրվել է 2015-ին եւ թռիչքներ է կատարում 2016-ից: Այս ընկերությունը պատկանում է մոլդովացի 2 նախկին պաշտոնյաների ընտանիքների, որոնք այն կիսում են 50-50 համամասնությամբ: Այսպես՝ 40 %-ի սեփականատերը Մոլդովայի արդարադատության նախկին նախարար, այդ երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար ու նախկին պատգամավոր Վլադիմիր Չեբոտարի կինն է՝ Մարիա Չեբոտարը, իսկ 10 %-ինը՝ Չեբոտարի քույրը՝ Մարիանա Տաբույկեն: «Fly One»-ի մնացած 50 %-ը պատկանում է Մոլդովայի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին: Դրանից 10 %-ը գրանցված է հենց Մալեկայի անունով, իսկ 40 %-ը՝ նրա նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի: Նկատենք, որ Միրչա Մալեկան է «Ֆլայուան Արմենիայի» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը:
Եվս մի նոր ավիաընկերություն՝ փոստային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից այս տարվա մայիսի 10-ին հիմնադրված «Հայփոստ Էյր» ՓԲԸ-ն, ինչպես տեղեկացել ենք ՔԱԿ-ից, դեռ չի դիմել կոմիտեին՝ ՕՇՎ ստանալու համար: Նկատենք, որ դեռ ապրիլին «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հայտարարել էր, որ նորաստեղծ փոխադրողը նախատեսում է երկինք բարձրանալ առաջիկա 6 ամիսների ընթացքում: Անցել է արդեն 5 ամիս, սակայն ՔԱԿ-ը «Հայփոստ Էյրից» ՕՇՎ ստանալու հայտ չի ստացել: