Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քանի դեռ չի վերադարձրել վերջին հայ գերուն. The National Interest

Jamanakn e patjel

  Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի  նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների,  պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»: Հոդվածագիրը հիշեցրել է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակը, թուրք հատուկ ջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա»: Հոդվածում հատուկ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Խորհրդային Միության ստեղծած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: «Եվ ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց՝ հօգուտ անջատվելու Ադրբեջանի վերահսկողությունից. քայլ, որը սահմանադրորեն վավեր էր»,-նշված է հոդվածում: Շեշտվում է նաև, որ Բաքուն պարտավորվել էր տարածքային վեճը դիվանագիտական ճանապարհով լուծել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում: «Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող էին ասել, որ առաջընթաց չկա, սակայն դա սուտ էր»,-ասված է հրապարակման մեջ: Հոդվածագիրն արձանագրում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին լուռ հրաժարվեց 907-րդ հոդվածի կասեցումից (Ադրբեջանին ԱՄՆ օգնությունից-խմբ) ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար: «Ազատության աջակցության ակտի թե տառով և թե ոգով, Բլինկենի քայլը խախտեց ԱՄՆ օրենքը»,-ասված է հոդվածում: Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի մասին: Օրինակ, անգամ 2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայերի քաղաքացիական մեքենաների ուղղությամբ ՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհին: Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի ագրեսիան կրկին ակտիվացել է, «միգուցե ադրբեջանցի զինվորները սոված են եղել, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրացրել են ռազմական պաշարները, և կրակել են Հայաստանում գտնվող հովիվների վրա, գողացել նրանց անասունները»: «Երբ Բայդենի վարչակազմը լռեց, Ադրբեջանը մեծացրեց հարձակումների ուժգնությունը»,-ասված է հոդվածում: Շեշտվում է, որ, թերևս, ադրբեջանական ամենամեծ հանցանքը հայ ռազմագերիներին պահելն ու խոշտանգելն է, իսկ Պետդեպարտամենտի՝ ժամանակ առ ժամանակ վերադարձի կոչերն անտեսվում են: «Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին»,-ասված է հոդվածում: Հոդվածագիրը շեշտել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: «Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի ՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար»,-ասված է հոդվածում:

Ձեզ կհետաքրքրի...