ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին hամաձայնագրի ստորագրումը

 Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին՝ ընդգծելով նպատակային քայլերի իրականացման կարևորությունը՝ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Քննարկվել է նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում, նախարարները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Կարևորվել է նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը։

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Եվրասիական Միություն֊Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն իրազեկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի հեռանկարների շուրջ:

Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի քննարկման առանցքային թեմաներից էին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների՝ շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ձեզ կհետաքրքրի...