Առցանց սիրավեպի զոհերը․ ինչպես են խաբեբաները բանտից թիրախավորում կանանց
Արմինե Ավետիսյան, OC Media
OC Media-ի հետ իրենց պատմություններով են կիսվում մի քանի կանայք, որոնք թիրախավորվել են առցանց խաբեբաների կողմից, ինչպես նաև մի տղամարդ, որը բանտում է եղել անօրինական այս «հոբբիով» զբաղվող տղամարդկանց հետ:
«Մի օր անսպասելի զանգ ստացա ոստիկանության քննիչից, որը խնդրում էր գալ հարցաքննության, քանի որ շփվել էի խարդախությամբ զբաղվող ոմն մեկի հետ»,- OC Media-ին պատմում է 38-ամյա Գայանեն (անունը փոխված է): Զանգը ստանալուց անմիջապես հետո Գայանեն գնում է բաժանմունք։
«Տաքսիում դողում էի ճանապարհին: Անորոշության մեջ էի»,- վերհիշում է նա: Երբ քննիչը տալիս է ենթադրյալ խաբեբայի անունը, Գայանեին այն անծանոթ է թվում։ Քննիչին ասում է, որ չի ճանաչում այդ տղամարդուն, ոչ էլ երբևէ որևէ առնչություն է ունեցել խաբեբայի հետ:
Մի քանի հարցից հետո քննիչը նշում է հեռախոսահամարը, որով Գայանեն և ենթադրյալ խարդախը շփվել էին, և ամեն ինչ պարզ է դառնում։
Ինչ-որ առումով Գայանեն բախտավոր է՝ ի տարբերություն որոշ զոհերի, նրա ֆինանսական կորուստներն աննշան են:
Հայաստանում ամեն տարի իրականացվող նման խարդախությունների ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ զոհերից շատերը հրաժարվում են ներկայանալ՝ շանտաժի կամ ամոթանքի սպառնալիքի պատճառով, սակայն ոչ պաշտոնական ապացույցները վկայում են, որ այն ավելի տարածված է, քան շատերը կարծում են:
«Ես այդ հեռախոսահամարի տիրոջն այլ անվամբ գիտեի։ Մենք ծանոթացել էինք սոցիալական ցանցի միջոցով,- ասում է Գայանեն:- Իրական կյանքում երբեք չէինք հանդիպել»: Ենթադրյալ խաբեբան միշտ պատրվակ էր գտնում հանդիպումից խուսափելու համար, ինչի արդյունքում Գայանեն հիմնականում նրա հետ շփվում էր սոցիալական ցանցերի միջոցով, երբեմն նաև հեռախոսով:
Երբ նրանք խոսում էին հեռախոսով, տղամարդը խոսքի մեջ նշում էր, որ իր հեռախոսային քարտի վրա բավարար գումար չունի և խնդրում էր Գայանեին լիցքավորել քարտը, ինչը Գայանեն արել է մեկ անգամ։
«Անկեղծ ասած, ես նույնիսկ չէի գիտակցում, որ նա հատուկ զանգահարել է ինձ , որ իր հեռախոսը լիցքավորեմ»,- ասում է Գայանեն։
Քննիչի խոսքերից Գայանեի համար պարզ է դառել, որ այն տղամարդը, որի հետ խոսում էր, բանտում է, և իր սոցիալական ցանցերում հաշիվներ է բացել՝ կանանց հետ ընկերանալու և նրանցից գումար կորզելու նպատակով: «Պարզվեց, որ որպես զոհ ես բավական լավ վիճակում էի,- հիշում է Գայանեն:- Ես պարզապես լիցքավորեցի նրա հեռախոսը մի փոքր գումարով»:
Նառան և Լևոնը
Քսանհինգ տարեկան Նառան «Լեւոնի» հետ առցանց հանդիպում էր երկու տարի: «Ես սիրահարված էի, չնայած երբեք անձամբ չէին հանդիպել,- պատմում է Նառան OC Media-ին:- Պատրաստ էի ամեն ինչ անել նրա համար»:
Նառան և նրա «ընկերը» ծանոթացել են Ֆեյսբուքի միջոցով: Սկզբում «Լևոնը» նրան ուղարկել է ընկերության հայտ, որը նա ընդունել է, այնուհետև սկսել է «լայքել» նրա լուսանկարները, ու մի օր էլ անձնական հաղորդագրություն է ուղարկել:
«Երբ ես ստացա հաղորդագրությունը, այդ պահին այնքան միայնակ էի, որ նույնիսկ ուրախացա, թե կա մեկը, որի հետ կարող եմ պարզապես խոսել ու ոչ մի բանի մասին չմտածել»,- պատմում է Նառան: Սկզբում նրանք շփվում էին «որպես ընկերներ», բայց Նառան սկսեց արագ սիրահարվել:
Նա «վայրկյաններն էր հաշվում», երբ Լևոնը կգրեր իրեն։ Երբեք անձամբ չեն հանդիպել, տղամարդը դա արդարացնում էր հեռավորությամբ։ Նառան ապրում էր Երեւանում, ինքը՝ Գյումրիում: Չնայած իրական կյանքում երբեք չէին հանդիպել, նրանց խոսակցությունները նույնիսկ վերածվել էին ամուսնության մասին խոսակցությունների: «Ինձ թվաց, որ գտել եմ իմ արքայազնին»,- վերհիշում է Նառան:
Բայց այս ամենն իր մութ կողմն ուներ։ Նառան և Լեւոնը պայմանավորվել էին, որ աղջիկը դուրս գալուց առաջ պետք է ստանա Լևոնի թույլտվությունը։ «Ես հնազանդվեցի։ Մի տեսակ զոմբի էի դարձել»։
Անձամբ ժամադրության գնալու Նառայի բազմաթիվ խնդրանքները Լևոնը մերժում էր՝ ասելով, որ շաբաթական յոթ օր աշխատում է որպես «շատ լուրջ ընկերության մենեջեր»:
Սիրավեպի երկրորդ ամսում Նառան անսպասելի նամակ է ստանում իր «վիրտուալ» ընկերոջից, որում ասվում էր՝ ցանկանում է մոռանալ «մյուս բոլոր կանանց»՝ մինչև իրենց հանդիպելը, և որ վերջինս պետք է մերկ լուսանկար ուղարկեր: Նառան զգում է, որ ինչ-որ բան այն չէ և խնդրում նախ անձամբ հանդիպել: Լևոնը կրկին հրաժարվում է:
Չիմանալով ինչ անել՝ Նառան դիմում է Ֆեյսբուքի օգնությանը, իր պատմությունը պատմելով խորհրդատվություն փնտրող կանանց խմբերից մեկում: «Փորձառու կանայք ինձ գրում էին, որ «Լևոնը» կարող է բանտում լինել, և մերկ լուսանկարն ուզում է՝ ծուղակի համար, որպեսզի հետագայում շանտաժով գումար կորզի»,- պատմում է նա:
Բայց նրա զգացմունքները Լեւոնի նկատմամբ դեռ ուժեղ էին, ուստի մերկ լուսանկարի փոխարեն նա ուղարկում է լողազգեստով նկար: Լևոնին դա չի գոհացնում, և վերջինս ավելի ու ավելի համառ սկսում է պահանջել մերկ լուսանկար։
«Նա սպառնաց հրապարակային տեղադրել լողազգեստով իմ լուսանկարը, եթե ես նրան այլ լուսանկար չուղարկեմ»,- հիշում է Նառան: Կրկին մերժում ստանալով՝ Լևոնը սպառնում է, որ ֆոտոշոփով կփոխի լողազգեստի լուսանկարը՝ նրան մերկ տեսք տալու համար, եթե վերջինս իրեն գումար չուղարկի:
«Ես գրեցի, որ կդիմեմ ոստիկանություն: Նա անմիջապես ջնջեց իր հաշիվը և անհետացավ։ Շատ զարմացած եմ, որ գնացի այդ քայլին: Ինձ համար դա հերոսության պես մի բան էր»,- ասում է Նառան:
Ոստիկաններ ու խարդախությամբ զբաղվող անձինք
Հայաստանի բանտերում գտնվող որոշ տղամարդկանց համար կանանց խաբելը առցանց հոբբի է: «Ոմանք պարզապես շփվում են, ոմանք փորձում են ֆինանսապես օգուտ քաղել այդ հաղորդակցությունից»,- OC Media-ին պատմել է 35-ամյա մի տղամարդ, որը երեք տարի ազատազրկման մեջ է եղել։
Նրա բանտակիցն իր ժամանակն ացնկացնում էր՝ փորձելով համացանցում զրուցել կանանց հետ: «Գտել էր մի աղջկա, որին վստահեցրել էր՝ գործուղման է արտասահմանում և որ վերադառնալուն պես նրանք կամուսնանան»: Բայց աղջիկն այդքան էլ միամիտ չէր և «նրան ոչ մի կոպեկ չտվեց»:
Սեռական ոտնձգությունների ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանն ասում է, որ եթե կինը վճարեր գումարը կամ խաբեբային տրամադրեր ցանկացած բնույթի անձնական տեղեկատվություն, զոհը, ամենայն հավանականությամբ, երբեք չէր դիմի ոստիկանություն:
Ըստ Գաբրիելյանի՝ նման խարդախությունների զոհերը մեղադրում են իրենք իրենց: «Աղջիկները հաճախ մտածում են, որ իրենք են կամավոր խոսել անծանոթների հետ, կամավոր ուղարկել լուսանկարներ, և այժմ, եթե որևէ մեկը իմանա, իրենք ամոթալի իրավիճակում կհայտնվեն»։
Հաճախ նման խարդախությունների զոհ են դառնում նաև անչափահասները, որոնց ավելի հեշտ է մոլորեցնել:
Այնուամենայնիվ, երբ նման հանցագործությունների մասին հաղորդվում է, հանցագործները կարող են բռնվել և պատժվել:
Գաբրիելյանը հիշում է մի դեպք, երբ 15-ամյա աղջիկը սեռական հարաբերություն ունենալու շանտաժի էր ենթարկվել առցանց հանդիպած տղամարդու կողմից: Չնայած վախին՝ աղջիկն իր դպրոցի հոգեբանին պատմել էր այդ մասին, և նրանք երկուսով դիմել էին ոստիկանություն:
Տղամարդը կալանավորվել է և դատապարտվել ութ տարվա ազատազրկման: