Մոտենում է Բաքվի հատուցման ժամը . <<Հայաստանի Հանրապետություն>>
Իրանը կընդլայնի ռազմավարական համագործակցությունը սիրիական վարչակազմի հետ նաեւ պաշտպանական ոլորտում: Այդպիսի եզրակացություն կարելի է անել՝ ելնելով շաբաթ օրն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Դամասկոս կատարած այցի արդյունքներից: Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ իրանամետ խմբավորումները մնում են Իսրայելի հետ սահմանին, իսկ սիրիական տարածքը Թեհրանի կողմից դիտարկվում է որպես պլացդարմ՝ հրեական պետության հետ հնարավոր պատերազմի դեպքում: Իսրայելը, իր հերթին, պատրաստ է որպես պլացդարմ օգտագործել Ադրբեջանը, ինչպես նաեւ ամերիկացիների գրաված տարածքները Սիրիայում եւ Իրաքում: Կան պետություններ, որոնց դերն աշխարհաքաղաքական այժմյան իրավիճակում այնքան էլ հասկանալի չէ: Օրինակ՝ մի կողմից՝ Ռուսաստանն Իրանի հետ պաշտպանում է սիրիական ներկայիս ռեժիմին, միեւնույն ժամանակ ռազմական տեսանկյունից ընդհանրապես չի դիմակայում ԱՄՆ-ի ուժերի կողմից Սիրիայի գրավմանը՝ իրանական ուժերին պաշտպանելով Իսրայելի ավիացիայի հարվածներից: Իսկ Պենտագոնն ու Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղացնում են իրենց ռազմական էքսպանսիան երկրում: Դատելով թեմայի վերաբերյալ հրապարակումներից՝ սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հոկտեմբերի 8-ի երեկոյան ոչ այնքան հաջող կերպով հետ են մղել Հոմս նահանգում գտնվող T-4 ավիաբազայի ուղղությամբ իսրայելական հարվածը: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, կոնտր-ադմիրալ Վադիմ Կուլիտը հաղորդել է, որ Սիրիայի ռուսական ՀՕՊ «Պանցիր» համակարգերը ոչնչացրել են 12 հրթիռից 8-ը, որոնք արձակել են Իսրայելի ռազմածովային ուժերի F-16 մարտավարական կործանիչները՝ խախտելով Սիրիայի Արաբական Հանրապետության պետական սահմանը Էլ-Տանֆի շրջանում: Հիշեցնենք, որ Բաշար Ասադին աջակցության շրջանակներում Ռուսաստանը դեռ 2011 թ. Սիրիային 36 «Պանցիր» համակարգ է տրամադրել: Բայց, ինչպես երեւում է, ռուսական զենքը մոտենում է իր արդյունավետության սահմանագծին: Իսրայելի ռազմածովային ուժերի չխփված 4 հրթիռներն արել են իրենց սեւ գործը: Լոնդոնում տեղակայված «The Syrian Observatory for Human Rightes» մոնիտորինգային խումբը ճշտել է, որ իսրայելական ավիահարվածից սպանվել են սիրիացի զինծառայողներ, իրանամետ խմբավորման երկու մարտիկ, ոչնչացվել է իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնը, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աջակցությամբ տեղակայվել էր T-4 ավիաբազայում: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս քանդված անգարը` թռիչքուղիներից մեկի մոտ: Ըստ իսրայելական աղբյուրների՝ հարվածը հասցվել է Հորդանանի օդային տարածքից, իսկ նպատակը վերջերս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ու իրանական «վստահելիներին» մատակարարված զենքի ոչնչացումն էր: «Այն, որ իսրայելական մարտական ինքնաթիռներն ազատ թռչում են Հորդանանի տարածքի վրայով, խոսում է Սիրիայի ներկայիս ռեժիմի նկատմամբ արաբական աշխարհի վերաբերմունքի անկեղծության մասին: Իսկ այն, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հրթիռային արձակումներ են իրականացրել ԱՄՆ-ի Էլ-Տանֆ բազայի վերեւից, որը Սիրիայի հարավում է, հաստատում է ԱՄՆ-ի` Իրանի դեմ Իսրայելի ագրեսիվ նկրտումներին աջակցելու մտադրությունը տարածաշրջանում»,- «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովը: ԱՄՆ-ի ղեկավարությունն արդեն հաղորդել է, որ միայն դիվանագիտական միջոցներով չի գործելու, եթե Իրանը չդադարեցնի իր միջուկային ծրագիրը: Տեղեկություններ կան, որ Պենտագոնը, կրճատելով իր ներկայությունն Իրաքում, առաջվա պես ռազմական ուժերը կենտրոնացնում է արեւելյան անդրեփրատյան տարածքում: ԱՄՆ-ն պահպանում է Էլ-Տանֆ ռազմաբազան Սիրիայում՝ Հորդանանի հետ սահմանին: Այնտեղ նրանք պատրաստում են սիրիական զինված ընդդիմությանը՝ Ասադի վարչակազմի դեմ պայքարելու համար: Եվ դա կլինի այն պլացդարմներից մեկը, որտեղից ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, եթե Իրանի հետ պատերազմը, այնուամենայնիվ, սկսվի: Այս համատեքստում Ռուսաստանի անորոշ դիրքորոշումը բավական տարօրինակ է թվում: Սեպտեմբերի սկզբին հանդիպելով Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հետ՝ ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է նրան, որ Սիրիայի տարածքը վերածվի երրորդ երկրների դիմակայության ասպարեզի: Նա շեշտել է, որ դրա հետ կապված գործնական հարցերն ամենօրյա հիմքով առարկայորեն քննարկվում են Իսրայելի ու Ռուսաստանի զինվորականների կողմից, «եւ այդ պրակտիկան ապացուցել է իր օգտակարությունը»: Այսպիսով՝ Ռուսաստանն ու Իսրայելը ռազմական առումով համագործակցում են, իսկ Մոսկվան գործնականում ֆիզիկապես ոչ մի կերպ չի խոչընդոտում Սիրիայի տարածքներին Իսրայելի հասցրած հարվածներին: Եթե լայնամասշտաբ գործողություններ սկսվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների դեմ, որոնք Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում Մոսկվայի ու Դամասկոսի դաշնակիցներն են, ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի դիրքորոշումը: Փաստացի դա պատերազմ կլինի նաեւ Ասադի վարչակազմի դեմ, որին ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Իրանը պաշտպանում են: Անորոշ է, թե այդ պարագայում ինչպես կգործի ՌԴ-ն: «ՀՀ»-ն իր նախորդ համարներում գրել է, որ Իրանի դեմ պատերազմելու համար Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը, ինչպես նաեւ Ադրբեջանին՝ ընդհանրապես: Եվ դա, ինչպես երեւում է իրադարձությունների ընթացքից, այն գինն է, որը Բաքուն պետք է վճարի արցախյան պատերազմում ստացած «իսրայելական նվերների» դիմաց: Եվ եթե պատերազմը բռնկվի, կարելի է ենթադրել, որ ռազմական գործողությունները կմղվեն երկու ճակատում, որոնցից մեկի արդյունքները կենսական նշանակություն կունենան նաեւ Հայաստանի համար: Այն, որ Իսրայելի դիրքերն ամրապնդվում են Ադրբեջանում, ահազանգ է նաեւ հարեւան երկրների համար: Թել Ավիվը դեռ 1994 թ., ի դեմս հեռահաղորդակցային «Bezeq» ընկերության, գնել է Ադրբեջանի պետական հեռախոսային օպերացիոն համակարգի մեծ մասը: Ըստ էության՝ Իսրայելը եւ ֆիզիկապես, եւ տեխնիկապես, եւ իրավաբանորեն վերահսկում է ադրբեջանական հեռահաղորդակցային համակարգի մեծ մասը, որտեղ նաեւ հետախուզական ցանց է հյուսված: Այն մոնիտորինգի է ենթարկում ոչ միայն Հայաստանի, այլեւ, հնարավոր է, Ռուսաստանի ու Իրանի տարածքները: Եվ դա տեղի է ունենում արդեն 27 տարի: Իրանը միայն այժմ է սկսել անհանգստանալ Ադրբեջանում ռադիոէլեկտրոնային հետախուզական ցանցի գոյությունից, իսկ Ռուսաստանն առայժմ չի արձագանքում դրան… Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Իրանի եւ ՌԴ-ի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ Կարսի պայմանագրի հարցը, պայմանագիր, որն իրավական ուժ չունի, չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից, բայց պարտադրվել է հայ ժողովրդին արդեն 100 տարի: Վաղը կլրանա պայմանագրի 100-ամյակը, իսկ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն, որ Իրանի արտգործնախարարը բոլորովին վերջերս էր Մոսկվայում, որոշակի խորհրդավորություն է հաղորդում Պուտին-Փաշինյան հանդիպմանը:
hhpress.am