Որտեղ են տեղակայվելու Աֆղանստանից դուրս եկած ԱՄՆ զորքերը․ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը այցելելու է Վրաստան (տեսանյութ)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ մեկնում է Եվրոպա ՝ դաշնակիցների հետ հարաբերությունները ամրապնդելու նպատակով: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։
Ինչպես Պենտագոնի խոսնակն է ասել. «Նախարարն այց կկատարի Վրաստան, Ուկրաինա և Ռումինիա, եւ դաշնակիցների ու գործընկերների հետ այս կարևոր շրջագայությունը կավարտի Բրյուսելում»:
Բոլոր այս երեք երկրները` Վրաստանը, Ուկրաինան և Ռումինիան սահմանակից են Սև ծովին, ինչը Ռուսաստանի համար Միջերկրական ծովի կարևոր առևտրային ուղիներ տանող ճանապարհն է: Ռումինիան ՆԱՏՕ -ի անդամ երկիր է: Ուկրաինան և Վրաստանը ձգտում են անդամակցել այս կառույցին: Երկուսն էլ մասամբ զավթված են Ռուսաստանի կամ Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերի կողմից: Այս առումով ռուսական ագրեսիայի դեմ ունեն միեւնույն նպատակները:
Ինչպես Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամից Բրեդլի Բոումանն է ասում, «Կարևոր է, որ ամերիկացի բարձրաստիճան ղեկավարները մեկնեն Վրաստան և Ուկրաինա ու պատմեն այնտեղի մարդկանց, որ Ամերիկան ցանկանում է աջակցել իրենց, որ ռուսական ագրեսիան չի մոռացվել, եւ որ երբ ավտորիտար որեւէ ուժ իրականացնում է ներխուժում, այդ հանգամանքը չի անտեսվում ԱՄՆ-ի կողմից»:
Տարիներ շարունակ Պենտագոնը փորձել է իր ուշադրությունը կենտրոնացնել պոտենցիալ հակառակորդների ՝ Ռուսաստանի և Չինաստանի վրա: Եվ ինչպես Բոումանն է ասում, ԱՄՆ -ն պետք է ունենա ռազմական դաշնակիցներ և կարողություններ ընդդեմ երկու այս երկրների կողմից հնարավոր գործողությունների: Սակայն աշխարհում Ամերիկայի առաջնային դերը հայտնվել է վտանգի տակ: Պատճառը Աֆղանստանից իր ուժերը դուրս բերելուց հետո, այստեղ թալիբների վերադարձն է: Ինչպես «Ամերիկայի Ձայն»-ին են տեղեկացրել ԱՄՆ-ի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները, նախարար Օսթինը և ՆԱՏՕ -ի դաշնակիցները հաջորդ շաբաթ քննարկելու են այն հարցը, թե Աֆղանստանից իրենց զորքերը դուրս բերելուց հետո, որտեղ են պատրաստվում կենտրոնացնել այդ ուժերը: